Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից․ փորձագետ

Armeniasputnik.am-ը գում է.

«Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է ՀԱՊԿ արձագանքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

 ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանից տարածքային զիջումների և Արցախի կարգավիճակի հարցում զիջումների հասնել՝ մեծացնելով ճնշումը պետական սահմանի վրա ռազմական սադրանքներով։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

«Սա այն դեպքն է, երբ ՀԱՊԿ-ը պետք է լրջորեն քննարկի հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի իշխանության առաջարկը։ Եթե այս անգամ էլ այդ կազմակերպությունը չկատարի իր հիմնական գործառույթները, որոնց համար ստեղծվել է, ապա դրա ապագան լուրջ հարցականի տակ է լինելու», — կարծում է փորձագետը։

Միևնույն ժամանակ, նա կարևորել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնեի առաջարկը՝ դադարեցնել ԱՄՆ–ի ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Փորձագետի կարծիքով՝ դա ազդանշան է այն մասին, որ հնարավոր է` ԱՄՆ-ն վերանայի իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ, քանի որ այն աստիճանաբար ավելի ագրեսիվ ու ավտորիտար է դառնում: Սակայն Սաֆրաստյանն ավելի կարևոր է համարում այդ հարցում Սենատի և նախագահի աշխատակազմի որոշումը։

«Մի շարք պատճառներով Կոնգրեսն օբյեկտիվորեն է գնահատում իրավիճակն ու Ադրբեջանի վարքագիծը, սակայն, ցավոք, Սպիտակ տունն ազնվորեն չի արձագանքում այնտեղից եկող ազդակներին», — նշել է ակադեմիկոսը՝ հիշեցնելով Ադրբեջանի նավթային ռեսուրսների մասին, որոնք կարևոր են Արևմուտքի համար:»