Դա բխում է ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության եւ, առհասարակ, հայ ժողովրդի շահերից. «Հրապարակ»

Նոյեմբերի 10-ից սկսած, գրեթե ամենօրյա ռեժիմով քաղաքական ընդդիմությունը բարձրացրել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հարցը։ Այդ թվում նաեւ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է խոսել։ Բայց, չգիտես ինչու, այս պարզորոշ առաջարկը միայն օրերս է ընդունվել, այն էլ, ինչպես տեղեկացրել էր Դավիթ Սանասարյանը, իր առաջարկով։
Ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ Սանասարյանի առաջարկով։ «Հրապարակ» օրաթերթը Հհարցն ուղղեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին։ Նրա կարծիքով՝ հիմա, որովհետեւ հիմա խորհրդարանում ներկայացված են լինելու «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները։

Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ «նրանք որոշեցին վերցնել ընդդիմության ձեռքից այս նախաձեռնությունը, որպեսզի ընդդիմությունը չկարողանա օգտագործել այդ հանձնաժողովը՝ իրենց հարվածելու համար։ Դրա համար իրենք են ստեղծում հանձնաժողովն ու դրանում ընդգրկում արտախորհրդարանական ընդդիմության այն հատվածին, որը վարչապետի հետ պարբերաբար կոնսուլտացիոն ֆորմատով կլոր սեղանների է մասնակցում։ Եվ նրանք ամեն ինչ անելու են՝ թույլ չտալու, որ խորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բացահայտեն եւ բարձրաձայնեն ճշմարտությունը»։

Այլ խոսքով՝ Փաշինյանը դրսից՝ արտախորհրդարանից, «տղա է կանչում»։ Սրանով, ըստ Արմեն Բադալյանի, իշխանությունը փորձելու է լուծել եւս 3 խնդիր․ նախ՝ որպեսզի մեծամասնություն կազմող արտախորհրդարանական ուժերն ամեն ինչ անեն, որ խոչընդոտեն, եւ որոշակի շրջանակներից հրավիրյալներ չգան հանձնաժողով։ Այսինքն՝ քվեարկությամբ, այլ միջոցներով, ընդհուպ մինչեւ անձնական վիրավորանքներով խանգարեն 2 դաշինքների գործունեությանը։ Հանձնաժողովի մյուս նպատակը, Բադալյանի խոսքով, լինելու է «քաղաքական ղեկավարության վրայից մեղքի մաքրումը»։

«Ավելի ճիշտ՝ հիմնական մեղավորության փաստը հանի եւ այն դնի զինվորական ղեկավարության, մասնավորապես՝ Օնիկ Գասպարյանի վրա եւ ցույց տա, որ արցախյան երրորդ պատերազմում պարտության պատճառը ոչ թե վարչապետն էր եւ իր ապիկար գործունեությունը, այլ զինվորական ղեկավարները։ Եվ չորրորդ նպատակն էլ այն է, որ ստեղծելով այդ հանձնաժողովը՝ իշխանությունը ցույց է տալիս, որ թաքցնելու որեւէ բան չունի, պարզ, մաքուր ճակատով գործունեություն է իրականացնում»։

Արմեն Բադալյանի մոտ կոնկրետ հարց է առաջանում՝ այս իրավիճակում «Հայաստան» դաշինքն արդյոք կգնա՞, կմասնակցի՞ այդ հանձնաժողովի գործունեությանը։ Հարցն ուղղեցինք «Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանին։ Նա ասաց, որ դաշինքն իր վերջնական դիրքորոշումը կձեւավորի այն ժամանակ, երբ իշխանությունն իր այդ նախաձեռնության վերաբերյալ արդեն պաշտոնական հայտարարություն անի։ Իսկ մինչ այդ միայն կարող է ասել, որ «այդ հանձնաժողովի ստեղծման հետ կապված կան մի շարք մտահոգություններ։ Դրանք պայմանավորված են թե՛ նրանով, որ այդ քննիչ հանձնաժողովում մեծամասնություն լինելու են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլեւ իշխանության հետ տարբեր փուլերում տարբեր ֆորմատներով համագործակցած արտախորհրդարանական ուժեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթում