Սեյրան Օհանյան. Մեր քաղաքական նպատակադրումներն ու օրակարգը սպառված չեն

«Չպետք է մոռանանք, որ ապրում ենք  Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ծանրագույն ժամանակներում, որ ԱԺ ութերորդ գումարման ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է ծանր ու ցավալի իրողության պայմաններում»,-ԱԺ-ում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով ամբիոնի մոտ ներկայացնում էր ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ըդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել են միասնական թեկնածու։ Նա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։

Սեյրան Օհանյանը, շարունակելով խոսքը, հիշեցրեց, որ երկուս ամիսից ավել է, ինչ ադրբեջանական բանակը հատել է Հայաստանի սահմանը՝ խախտելով մեր երկրի ինքնիշխանությունը, պատերազմի վերքերը դեռ բաց են, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել, երբ գերիների ճակատագիրն անհայտ է, երբ յուրաքանչյուր օր նոր բախումների , զոհերի, գերեվարության փաստեր ունենք։

«Հայաստանն ու Արցախը լրջագույն մարտահրավերների առաջ են կանգնած, մեր հազարավոր հայրենակիցներ ապագայի տեսկալան չունեն։ Ցավոք, մենք արձանագրել ենք, որ արտահերթ ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում ստեղծված քաղաքական ու մանավանդ բարոյական ճգնաժամը։ Ի թիվս արտաքին լրջագույն մարտահրավերների, մեր հասարակությունը երկփեղկվածության անընդունելի մթնոլորտում է այսօր ապրում, և ամեն օր այն ավելի է խորանում իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ վարքագծի արդյունքում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ այս ամենով հանդերձ հուսահատվելու իրավունք չունեն։

Նա արձանագրեց, այո, իրենց չի հաջողվել ամբողջական իշխանափոխություն իրականացնել, բայց նաև իրավունք չունեն չգնահատել, որ կարողացել են ճեղքել քաղաքական մենաշնորհը և խորհրդարանում ունենալ ներշնչող թվով ընդդիմադիր խմբակցություն։

Օհանյանը շնորհակալություն հայտնեց իրենց կողմնակիցներին, ընտրողներին, արձանագրեց, որ իրենց քաղաքական նպատակադրումներն ու օրակարգը սպառված չեն։

«Մենք քաղաքական պատասխանատվության լրջագույն պարտք ունենք։ Մեր այն 270 հազար ընտրողներին, որոնք իրենց ձայնն են տվել «Հայաստան» դաշինքին։ Մեր պատասխանատվությունն իրականում ավելի մեծ է, մենք պարտք ենք մեր հայրենիքին, թանկ զոհերին, որոնց առաջ խոնարհվում ենք, նաև 400 հազար այն քաղաքացիներին, որոնց հուսահատությունը թույլ չտվեց գալ ընտրատարածք»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նա ավելացրեց, որ հենց այդ պատասխանատվությունն է պահանջում ու հարկադրում չդադարեցնել պայքարը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ողջ գործիքակազմն օգտագործել իրենց նպատակների ու ծրագրերի իրականացման համար։

«Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելը դիտում ու կարևորում ենք հենց այս տեսանկյունից։ Համոզված ենք, որ Իշխան Սաղաթելյանը լավագույնս կիրականացնի Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված այս կարգավիճակից բխող լիազորություններն ու պարտականությունները»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Սաղաթելյանը հանրաճանաչ գործիչ է, ներկայացնում է ազգային, պետական կյանքում, Հայաստանում ու Սփյուռքում բացառիկ դերակատարություն ունեցող մեր պատմության ամենահին ու ավանդական քաղաքական ուժին՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն է արդեն երրորդ տարին անընդմեջ, պատմական գիտությունների թեկնածու է. գիտական հոդվածների հեղինակ։

Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ Իշխան Սաղաթելյանն ԱԺ փոխնախագահի պաշտոնում շարունակելու է ծառայել Հայաստանի պետական, հայ ժողովրդի շահերին, դրա համար ունի փորձ։

Հիշեցնենք, որ անցած օրերին ԱԺ փոխնախագահներ են ընտել ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։

Աղբյուր` Panorama.am