Իսրայելի վարչապետը մեկնում է Վաշինգտոն
News.am-ը գրում է.
«Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 26-ին Սպիտակ տանը բանակցություններ կվարեն, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Վարչապետ Բենեթի այցը կամրապնդի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջեւ ամուր գործընկերությունը, կարտացոլի մեր կառավարությունների եւ ժողովուրդների միջեւ խորը կապերը եւ կընդգծի Իսրայելի անվտանգությանը Միացյալ Նահանգների նվիրվածությունը», — հայտարարել է Փսակին:
Նրա խոսքով՝ երկու առաջնորդները «կքննարկեն տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հետ կապված ամենակարեւոր խնդիրները, այդ թվում՝ Իրանը»: «Այցը երկու առաջնորդներին հնարավորություն կտա նաեւ քննարկել իսրայելցիների եւ պաղեստինցիների խաղաղության, անվտանգության եւ բարգավաճմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանի ավելի խաղաղ եւ անվտանգ ապագայի ուղղությամբ աշխատանքի կարեւորությունը», — հավելել է նա:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Բայդենի հետ քննարկել Իրանը: «Մենք նպատակաուղղված գործընկերության քաղաքականություն կիրականացնենք՝ ուղղված Իրանի ապակայունացնող, բացասական տարածաշրջանային գործունեության, մարդու իրավունքների ոտնահարման, ահաբեկչության սանձահարմանը», — հայտարարել է Բենեթը:»
