Եվրոպան վախենում է միգրանտների հետ կապված ճգնաժամի կրկնությունից. Թուրքիան կրկին կարող է «շահող դուրս գալ»

News.am-ը գրում է.

«Եվրոպացի առաջնորդները վախենում են Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին 2015 թվականի միգրանտների հետ կապված ճգնաժամի կրկնությունից: Նրանք  հայտարարել են, որ արդեն խոսել են պատերազմից տուժած Աֆղանստանից փախստականների համար գործողությունների ծրագիր կազմելու անհրաժեշտության մասին, մինչդեռ փորձագետների կարծիքով, Թուրքիան կրկին կարող է ակտիվ դեր խաղալ բանակցություններում, հաղորդում է CNBC-ն:

«Մենք պետք է կանխատեսենք մեծ անկանոն միգրացիոն հոսքերը եւ պաշտպանվենք դրանցից»,- երկուշաբթի երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոստանալով աշխատել եվրոպական այլ երկրների հետ «հուսալի, համակարգված եւ միասնական արձագանքի» վրա:

Հարեւան Գերմանիայում հռետորաբանությունը նույնն է եղել: Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար Արմին Լաշետը, որը, ամենայն հավանականությամբ, կփոխարինի կանցլեր Անգելա Մերկելին, ասել է, որ «2015-ը չպետք է կրկնվի»:

ԵՄ-ն փախստականների զանգվածային ճգնաժամի առաջ էր կանգնել դեռ 2015 եւ 2016 թվականներին՝ Սիրիայում հակամարտության պատճառով: Ավելի քան 1,2 միլիոն մարդ 2015 թվականին ապաստան էր խնդրել ԵՄ-ից, հայտնում է տարածաշրջանային վիճակագրական ծառայությունը:

2015 թվականի փախստականների ճգնաժամի լուծման ԵՄ ամենակարեւոր մասերից մեկը Թուրքիային 6 միլիարդ եվրո տրամադրելու համաձայնագրի ստորագրումն էր, որը փախստականներին կտրամադրի ապաստան, կրթություն եւ առողջապահություն՝ դրանով իսկ սահմանափակելով հոսքը դեպի մնացած Եվրոպա:

Alliance Bernstein-ի զարգացող շուկաների պարտքերի գծով տնօրեն Շամայլա Խանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Թուրքիան կրկին կխաղա իր դերը: «Թուրքիան նորեկ չէ փախստականների ճգնաժամում»,- ասել է նա՝ համաձայնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է սկսել զգալի ազդեցություն ունենալ ԵՄ առաջնորդների վրա: «Էրդողանը կորոշի ինչ պահանջել ոչ միայն փախստականների ժամանման պատճառով, այլ եթե ինքը կարողանա առանցքային դեր խաղալ թալիբների հետ բանակցություններում, նա նաեւ կկարողանա կամուրջներ կառուցել միջազգային հանրության հետ»:

Վերլուծաբան Ալբերտո-Հորստ Նեյդհարդն ասել է, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը կարող է ընդլայնվել` ներառելով նաեւ աֆղան փախստականներին: Բայց, միեւնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ դժվար է լինելու, քանի որ Անկարան կարծես թե լիովին պատրաստ չէ դրան:

Թուրքիայում, որտեղ բնակվում են աշխարհում ամենամեծ թվով փախստականները՝ 4 միլիոն մարդ, նույնպես ներքին պառակտում կա այս հարցի շուրջ: Երկիրը Իրանի հետ սահմանին բետոնե մոդուլային պատ է կառուցում, որպեսզի վերահսկի նոր հոսքերը:

«Փախստականների ընդունման հարցը դարձել է թուրքական հասարակության բեւեռացման հիմնական գործոն, որը հիմնականում պայմանավորված է տնտեսական ցնցումներով եւ գործազրկության աճով»,- ասում է խորհրդատվական Teneo ընկերության համանախագահ Վոլֆանգո Պիկոլին:

«Թուրքիայի հասարակական կարծիքը դեմ է ցանկացած նոր փախստականների, հատկապես Աֆղանստանից, որի մշակույթն ու սովորույթները զգալիորեն տարբերվում են թուրքականից»:

Էրդողանը հանգստյան օրերին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աշխատել Պակիստանի հետ` փախստականների նոր հոսքը կանխելու համար:»