Քաղաքական խոսքի նկատմամբ լինել հանդուրժող. Թագուհի Թովմասյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովասյանը նիստի ժամանակ մոտենալով ԱԺ ամբիոնին՝ բոլորի անունից ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներին  խորհրդարանում տեղի ունեցող երկօրյա միջադեպերի առնչությամբ:

«Կառավարության ծրագրի մարդու իրավունքների պաշտպանության գլխում իսկապես գեղեցիկ պատկերացումների շարան կա: Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է  անձանց խախտված իրավունքների վերականգնումը, և որն ամենակարևոր է՝ մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը:

Մինչ այս ծրագիրը մենք քննարկում էին ԱԺ ոչ լիագումար նիստերի շրջանակում, Ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների, նաև երեխաների նկատմամբ:

Այսինքն՝ կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները»,- ասաց նա:

Թ. Թովմասյանի խոսքով, հենց երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ աննախադեպ միջադեպ, որովհետև երբևէ որևէ պատգամավորի, որևէ կնոջ քաշքշելով, բռնությամբ, իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից:

«Այդ ընթացքում պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառվեց անհամարժեք իրավիճակում: Ինձ համար անհասկանալի էր ՊՊԾ  պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծը, որին միշտ համարել եմ պարկեշտ սպա»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:

Նա դիմեց իշխանական խմբակցության ներկայացուցիչներին՝ հորդորելով քաղաքական խոսքի նկատմամբ լինել հանդուրժող, լսել նրանց հասցեին ուղղված քննադատությունը:

«Իսկապես, դժվար է պատերազմի պարտությունից հետո գալ ու առերեսվել, լսել այն ճշմարտությունը, թեզերը, որոնք չեք ուզում, բայց պետք է լսեք: Ժողովուրդ, անցել ենք դրա միջով, պարտվել եք, դուք եք պարտվել, իշխանությունն է պարտվել: Դուք եք իշխանության ղեկին, հետևաբար այդ պարտության պատասխանատուն դուք եք»,- դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին՝ նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ասաց՝ անընդունելի է, երբ տարիքով ավելի երիտասարդ մարդիկ քննադատում են պատմություն, կենսագրություն ունեցող մարդկանց և դա անում են մի տեսակ չընդունված, վիրավորական բառերով:

«Ուզում եմ՝ ամեն մեկս մեր օրինակով ատելության խոսք չգեներացնենք: Ուզում եմ՝ հասարակության համար օրինակ դառնալ, քանի որ բոլորը մեզ են նայում, երկու օր է մեր մասին քաղաքացիները շատ վատ կարծիք են ձևավորել, դեռ խորհրդարանն ամբողջությամբ չի էլ ձևավորվել:

Ժողովորդի անունից ամենաշատ խոսող իշխանությունը պետք է ժողովրդին լինի հաշվետու և հաշվետվությունը պետք է լինի այս դահլիճում ձեր պահվածքի միջոցով»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Աղբյուր` Panorama.am