Այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի. Արթուր Ղազինյան

Տեղի է ունենում կազմակերպված մի գործընթաց՝ լռեցնելու, վախեցնելու, ճնշելու ընդդիմությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։

«Վերջին մի քանի օրերին այս ամբիոնից հնչում են պարզ ճշմարտություններ, գնահատականներ, ընդդիմադիր որակումներ, ինչին սովոր չէ այս իշխանությունը։ Այսօր պարզ դարձավ, որ իշխանությունը նպատակ ունի ընդդիմությանը ենթարկեցնել»,– նշեց Ղազինյանը՝ վստահեցնելով, որ իշխանությանը չի հաջողվի ընդդիմությանը վախեցնել ու լռեցնել։

Ըստ պատգամավորի, եթե անգամ իշխանությունը ՆԱՏՕ–ի բանակն էլ բերի խորհրդարան ընդդիմությանը լռեցնելու նպատակով, դա նրանց չի հաջողվելու։ Արթուր Ղազինյանը նաեւ տեղեկացրեց, որ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իր վրա եւս մի քանի հոգով հարձակում է տեղի ունեցել։

«Վերջին միջադեպը երկրի բարձրագույն իշխանության կողմից ծրագրված, պլանավորված, հրահանգավորված ակցիա էր, որին դուր չէր եկել մեր ելույթները։ Հրահանգ էր տրված պատժել մեզ»,- նշեց նա։

Նրա խոսքով, այս խորհրդարանը շատ կարճ կյանք ունի, որովհետեւ իր պարտականություններն ի զորու չի կատարելու։

«Այս ամենից տուժում է մեր պետությունը, քաղաքացին, քաոս է ստեղծվում երկրում։ Սա միգուցե իշխանություններին ձեռնտու է այս քաոսը, որպեսզի կարողանան անցկացնեն այն, ինչի համար իշխանություն են ստացել»,– ասաց «Հայաստան» խմբակցության անդամը։

Աղբյուր՝ NEWS.am