Պետք է պարտության մատնել Վիրջինիայի նահանգապետի թեկնածուին՝ թուրքական լոբբիստին. Հարութ Սասունյան

2021 թվականի օգոստոսի 20-ին Washington Free Beacon առցանց թերթը հրապարակել է Չակ Ռոսի հոդվածը՝ «Թուրքիան վճարել է Մքոլիֆի ընկերությանը՝ լոբբինգ անելու ընդդեմ Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչման» վերնագրով։

Թերի Մքոլիֆը Վիրջինիա նահանգի նահանգապետի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է: 2021 թ․ հունիսի 8 -ին նա հաղթել է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում և նահանգի համընդհանուր ընտրություններում նոյեմբերին ճակատելու է Հանրապետական կուսակցության թեկնածու Գլեն Յանգկինի հետ: Հարցախույզերը ցույց են տալիս, որ դա շատ հավասար մրցավազք է: 2014-2018 թվականներին Մքոլիֆը նախապես զբաղեցրել է Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը:

Ամերիկահայերը պետք է օգնեն պարտության մատնել Մքոլիֆին՝ ազդանշան ուղարկելու, որ իրենք չեն հանդուրժի որևէ մեկին, որը ստում է Հայոց ցեղասպանության մասին և վարձատրվում դրա համար․․․

Թուրքիայի կառավարությունը 1990-94 թվականներին գրեթե 1.3 միլիոն դոլար վճարեց Մքոլիֆի կողմից հիմնադրված «Մքոլիֆ, Քելլի և Ռաֆայելի» խորհրդատվական ընկերությանը՝ «լոբբիստական և հասարակայնության հետ կապերի մի շարք ծառայություններ մատուցելու համար», այդ թվում՝ խոչընդոտելու ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաղորդում է Washington Free Beacon-ը:

Մքոլիֆը եղել է Դեմոկրատական ազգային կոմիտեի նախագահը և նախագահ Բիլ Քլինթոնի ու նրա կնոջ՝ Հիլարիի վաղեմի ընկերը: Թեև Մքոլիֆն ասել է, որ ինքը չի զբաղվել իր ընկերության ամենօրյա լոբբիստական գործունեությամբ, սակայն նրա նախկին գործընկեր Ռիչարդ Սփիսը «Պոլիտիկո» (Politico) ամսագրին ասել է, որ «նա այն սոսինձն էր, որը միավորում էր այդ վայրը»:

Համաձայն Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) բացահայտումների, որոնք ես զննեցի, Մքոլիֆի լոբբիստական ընկերությունը բազմահազար դոլարներ  է նվիրաբերել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների քարոզարշավին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի համար կազմակերպել է մասնավոր հանդիպումներ Կոնգրեսի անդամների հետ և կանոնավորաբար հանդիպել Կոնգրեսի բազմաթիվ անդամների ու Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ իր լոբբիստական գործունեության ընթացքում:

Ըստ FARA-ի բացահայտումների՝ «Մքոլիֆի ընկերությունը Թուրքիայի կառավարությունից ստացել է 1 287 500 դոլար՝ Թուրքիայի դեսպանի և դիվանագետների համար ամերիկյան քաղաքականություն մշակողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար: Թուրքիայի պայմանագիրը կոչ էր անում ընկերությանը լոբբինգ անել Կոնգրեսում՝ երկկողմ առևտրի վերաբերյալ և «հակազդել թուրք-ամերիկյան հարաբերություններին վնասող բոլոր ջանքերին», որը ներառում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Կոնգրեսի ջանքերի արգելափակումը, հայտնում է The Washington Free Beacon-ը:

2009 թ․ մարտի 26-ին «Վաշինգտոն փոստում» հրապարակված հոդվածում նշվում է․ «Հավանաբար, ամենավիճահարույցը ընկերության [«Մքոլիֆ, Քելլի և Ռաֆայելի»] կողմից Թուրքիայի ներկայացումն էր այն ժամանակ, երբ այդ կառավարությունը մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների համար միջազգային հետազոտության  առարկա էր դարձել: Ընկերությունը «Խոշտանգողների լոբբի» անունով քննադատության է ենթարկվել զեկույցում, որը  հրապարակվել է 1992 թվականին՝ «Հանուն հանրային  պարկեշտության» կենտրոնի կողմից:

Մքոլիֆի քարոզարշավը [2009 թ․ նահանգապետի պաշտոնում նրա ձախողված թեկնածության ժամանակ] հայտարարեց, որ Թուրքիայի համար ընկերության աշխատանքը կապված էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի և Թուրքիայի միջև երկար տարիների վեճի հետ, երբ Օսմանյան կայսրությունը որոշ գնահատականներով սպանել էր ավելի քան 1 միլիոն հայ: Ամեն տարի Հայաստանը [ավելի ճիշտ՝ ամերիկահայերը] ձգտում է Կոնգրեսում օրենքի ընդունման՝ այս ժամանակաշրջանը որակելու որպես Հայոց ցեղասպանություն, իսկ թուրքական կառավարությունն ամեն տարի դեմ է արտահայտվում այդ օրենսդրությանը»:

«Մքոլիֆը ներքաշված էր 1996 թ․ Դեմոկրատական ազգային կոմիտեի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման սկանդալում, երբ նա Դեմոկրատական կուսակցության  նվիրատուների համար գիշերակաց էր կազմակերպել Սպիտակ տանը: Մինչ Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնելը, Մքոլիֆը ուղղակիորեն լոբբիստական գործունեություն էր ծավալում Օբամայի վարչակազմի ընթացքում, օգնելու իր էլեկտրամոբիլային ընկերությանը՝ հավանական չինացի ներդնողների համար վիզա ստանալ։ Արդարադատության նախարարությունը նաև հետաքննեց, թե արդյոք Մքոլիֆը չինացի միլիարդատիրոջից անօրինական նվիրատվություններ է վերցրել 2013 թ.  նահանգապետի իր քարոզարշավի ժամանակ», հաղորդել է Washington Free Beacon-ը։

«Մքոլիֆի [ներկայիս] քարոզարշավը չի արձագանքել մեկնաբանությունների խնդրանքին՝ Թուրքիայի հետ իր ընկերության պայմանագրի կամ Հայոց ցեղասպանության 2019 թ. ճանաչման իր դիրքորոշման վերաբերյալ», գրել է The Washington Free Beacon-ը:

Շատ տարիներ են անցել Մքոլիֆի լոբբիստական գործունեությունից հօգուտ Թուրքիայի։   2019 թվականին Ներկայացուցիչների պալատը՝ ճնշող մեծամասնությամբ, Սենատը՝ միաձայն, իսկ 2021 թ․ նախագահ Ջո Բայդենը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Սակայն, ամերիկահայերը չպետք է երբեք մոռանան նրանց անունները, ովքեր վաճառել են իրենց հոգին ամենակարող դոլարի դիմաց: Սա խայտառակություն է, որը նման լոբբիստները պետք է իրենց հետ տանեն գերեզման: Ավելին, Մքոլիֆը երբեք ներողություն չի խնդրել իր ընկերության խաբեբայական գործողությունների համար և ներում չի հայցել։ Սա ավելի քան պատճառ է, որ ոչ մի հայ երբեք չպետք է մտածի նրա ստոր արարքը մոռանալու մասին։ Կարևոր չէ, թե նման ժխտողները որ քաղաքական կուսակցությանն են պատկանում:

Սա արդիական է, քանի որ նախագահ Բայդենը վերջերս նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքին (հանրապետական, Արիզոնա) առաջադրեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Որպես Ներկայացուցիչների պալատի անդամ՝ նա 2005, 2007 և 2010 թվականներին միջազգային հարաբերությունների հանձնաժողովում դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևին: 2014-ին Ֆլեյքը նաև այն հինգ սենատորներից մեկն էր, որը դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության բանաձևին արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Ֆլեյքը ներողություն չի խնդրել Ներկայացուցիչների պալատում և Սենատում իր տված ամոթալի քվեների համար՝ ժխտելով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը։ Մնում է պարզել, թե նա ինչպես կբացատրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված բացասական քվերներն իր առաջադրումը քննարկող Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
Վերջին բանը, որ պետք է ամերիկահայերին՝ Անկարայում ժխտողական ԱՄՆ դեսպան ունենալն է, որը կամրապնդի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական կառավարության ստերը: Սենատորները պետք է մի քանի կոշտ հարցեր ուղղեն սենատոր Ֆլեյքին, և եթե չբավարարվեն նրա պատասխաններով, պետք է արգելափակեն նրա թեկնածությունը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

25.08.21