Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչը խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ դարձավ

News.am-ը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Ռուստամ Բաքոյանի թեկնածությունն է առաջադրել: Այս մասին օգոստոսի 30-ին Ազգային ժողովի նշված հանձնաժողովի նիստում նախագահի տեղակալի ընտրությունների քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, բարձր գնահատեց Բաքոյանի գործունեությունը պատգամավորի պաշտոնում, հատկապես 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ընթացքում:

«2020-ը դժվար տարի էր մեզ համար:Դրանից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքը շատացել է: Ոլորտը ծանրաբեռնված է, եւ մենք պետք է շատ աշխատենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, հատկապես միջազգային հանրության հետ շփվելիս»,- ասաց ինքը՝ Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքը պետք է հետեւողական եւ մշտական լինի:

Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Բաքոյանին մեղադրեց անզսպության եւ ագրեսիվության մեջ, հատկապես խորհրդարանի նիստերի ժամանակ, երբ ընդդիմությունը ներկայացնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խոսում են ամբիոնից:

Թեկնածուն չհամաձայնեց այս պնդման հետ՝ ասելով, որ ինքը միշտ փորձում է նվազեցնել կրքերի բորբոքումը եւ անջատել հակամարտող կողմերին: Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ որոշ դեպքերում կարող է ցուցաբերել անզսպություն եւ արձագանքել այս կամ այն մեղադրանքներին:

«Միգուցե ինչ-որ ակնարկ հնչել է իմ կողմից, քանի որ ես զգացմունքային եմ եւ ինչ-որ պահի անզսպությունեմ ցուցաբերել: Բայց դրան այլեւ ոչինչ չի հետեւել»,- վստահեցրեց խորհրդարանականը:

Նույնիսկ հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդես եկավ Բաքոյանի օգտին: Արդյունքում, Բաքոյանի թեկնածությունը պաշտպանեցին հանձնաժողովի 5 անդամներ, 2-ը դեմ հանդես եկան։

Բացի այդ, հաստատվեց քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:»