Արցախի գոյությունից է կախված Հայաստանի ապագան. Արցախի սուբյեկտայնության պահպանումն այսօր կենսական նշանակություն ունի․ Դավիթ Բաբայան
«Հասկանալի է, որ այս իրավիճակում՝ երրորդ պատերազմից հետո, Արցախում շատ քիչ են լինում շնորհավորանքները, բայց այս շնորհավորանքը պարտադիր է, որովհետև Արցախի Հանրապետության ստեղծման, կայացման, պաշտպանության և զորացման համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները՝ իրենց արյունով, իրենց քրտինքով, իրենց ամեն ինչով:
Սա շատ կարևոր իրադարձություն է և մեր ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական զարգացումն է: Պայքարի, որի վերջին փուլը սկսվել է 1988 թ. մեկնարկից և մինչև հիմա շարունակվում է: Սա մի տոն է, որը բոլորս պարտավոր ենք հիշել, տոնել, որովհետև սա, ի վերջո, մեր երկրի անձնագիրն է», — ասել է Արցախի արտգործնախարարը:
Դավիթ Բաբայանն իր խոսքում շեշտել է, որ արցախապահպանությունն ու արցախապաշտպանությունը, Արցախի սուբյեկտայնության պահպանումը այսօր կենսական նշանակություն ունի, քանի որ եթե չլինի հայկական Արցախը՝ ծայրաստիճան վտանգված է լինելու նաև ողջ Հայաստանը: Զրուցակցի խոսքով՝ Արցախի Հանրապետության գոյությամբ շահագրգռված են նաև մի շարք կարևորագույն ուժային կենտրոններ:
«Արցախը պետք է արժեք և սրբություն լինի Հայաստանում և Սփյուռքում: Դա մեծապես կնպաստի, որպեսզի Արցախը կարողանա կանգնել և մեր թիկունքը լինել: Իսկ որպեսզի ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և ունենանք հաջողություններ արտաքին դաշտում, պետք է մեր սրտերում, հոգիներում, մտքերում, ուղեղներում կարևորենք այդ ամենը, Արցախը արժևորենք:
Կրկնում եմ՝ Արցախը գաղափար է, անձեր չեն: Արցախապահպանությունը փիլիսոփայություն պետք է լինի, որովհետև սրանից է կախված Հայաստանի ապագան», — նշել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ մենք այլ տարբերակ չունենք, քան գաղափարախոսական ժողովուրդ լինելը, քանի որ նյութական դաշտում չենք կարող մրցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
