Ղազինյանին կրկին «մերժեցին»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը, իշխանությունը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ էլ չընտրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է։

Ղազինյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը օգոստոսի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ղազինյանի պահվածն է, նրա նետած շիշը հայտնվել էր կառավարության անդամների օթյակում, որտեղ նաեւ Փաշինյանն էր նստած։ Առաջին անգամ Ղազինյանին չընտրեցին օգոստոսի 31-ի նիստում, որից հետո մենք գրեցինք, որ իշխանությունում որոշել են ընդդիմադիր այս պատգամավորին պատժել եւ թեկուզ բազում անգամներ առաջադրվի, չընտրել։ Կանոնակարգ օրենքը տալիս է նման հնարավորություն, հնգօրյա ժամկետում ընդդիմությունը կարող է կրկին թեկնածու առաջադրել։