Կարեն Վարդանյանի 105 մլն դրամ օգնության շնորհիվ Երևանի բուսաբանական այգին կվերակենդանանա. Տեսանյութ

 

Armlur.am-ը գրում է.

«30 տարուց ավելի անուշադրության մատնված Երևանի բուսաբանական այգու հիմնական կանաչ ծառերով պահպանված կոլեկցիոն հատվածը, որը զբաղեցնում է մոտ 15 հեկտար տարածք, այսուհետև տարվա ցանկացած եղանակի հնարավոր կլինի ոռոգել: Այդ նպատակով բարերար Կարեն Վարդանյանի ֆինանսավորմամբ անցկացվել է 5 կմ երկարությամբ ոռոգման ցանց, տեղադրվել է պոմպակայան, խորքային հոր, 60 տոննա տարողությամբ բաք, 180 փական, կառուցվել է ջրի ֆիլտրման ավազան։

Բուսաբանական այգում տեղադրվել է նաև արևային կայան: Այն հնարավորություն կտա այգու հոսանքի տարեկան մոտ 5 մլն դրամի և նոր տեղադրված պոմպակայանի աշխատանքի արդյունքում ավելացած հոսանքի ծախսը զրոյացնել և տնտեսված գումարներն օգտագործել այլ խնդիրների լուծմանը: Արևային կայանի անխափան աշխատանքի և երկարակեցության համար նորոգվել է նաև շինության 800 քմ տանիքը: Ոռոգման ցանցի անցկացման, տանիքի նորոգման և արևային կայանի տեղադրման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 105 մլն դրամ։»