«Պատիվ ունեմ» խմբակցությունը փոխանցված պարգևավճարները ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը

«Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում հայտնում է, թե ինչպես է մտադիր տնօրինել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ ստացված դրամական պարգևավճարը, որը տրվել է ՀՀ Ազգային ժողովւ բոլոր պատգամավորներին:

«Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝

զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին,

հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության,

տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին,

ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը», — ասվում է հայտարարության մեջ: