Փաշինյանը Էրդողանին Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել

Armeniasputnik.am-ը գրում է.

«Թուրքիայի նախագահը նշել է, որ “Զանգեզուրի միջանցքը” բացելով` հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունները կվերանան։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողերի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն: Տեղեկանում ենք ադրբեջանական АПА-ից։
“Վրաստանի վարչապետն ինձ փոխանցեց Նիկոլ Փաշինյանի` ինձ հետ հանդիպման առաջարկը։ Սա մտորելու տեղիք է տալիս։ Սակայն դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ”,–ասել է Էրդողանը։
Այնուհետև Էրդողանն անդրադարձել է “Զանգեզուրի միջանցքի” թեմային` ասելով, որ միջանցքը բացելով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լարվածությունը կչեզոքացվի:
Հավելենք, որ այս տեղեկությունը ճշտելու համար Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։»