Ալեն Սիմոնյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստան․ հանդիպելու է նաեւ Լավրովի հետ

News.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին,  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն  պրոֆեսորադասախոսական կազմի  եւ ուսանողության հետ:

Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:»