Թույլ չենք տա օտարերկրյա պետություններին ազդել հարեւանների, այդ թվում ՀՀ-ի հետ մեր հարաբերությունների վրա. Իրանի ԱԳՆ

Մենք թույլ չենք տա օտարերկրյա պետություններ ազդեն Իրանի` հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս մասին Թեհրանում կայացած հանդիպումից հետո իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, փոխանցում է  NEWS.am, հղում անելով Mehr գործակալության վրա:

«Այսօր մենք պայմանավորվեցինք զարգացնել համագործակցությունը տնտեսության, առեւտրի եւ զբոսաշրջության բոլոր ոլորտներում: Առեւտուրը եւ հայկական տարանցիկ ուղու շահագործումը երկու երկրների համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

«Մենք սահմանել ենք գործընթաց, որն օպերատիվ կերպով կգործարվի երկու երկրների տարանցիկ ճանապարհների ու երթուղիների աշխուժացման համար: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք ավելի շատ աշխուժացում կտեսնենք երկու երկրների հարաբերություններում»,- ասաց նա: «Մեր տարածաշրջանը եւ մեր հյուսիսային հարեւանները գտնվում են ծանր վիճակում, հատկապես` տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայության պատճառով», — ավելացրեց նա:

«Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրյա պետություններին ազդել հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Մեր տարածաշրջանը չափազանց մեծ նոր պահանջներ ոչ մի կերպ չի հանդուրժի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի ժողովուրդները` առանց որեւէ արտաքին միջամտության»,- ընդգծեց Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը: