Թավշյա իշխանազավթման օրակարգ հայտարարված սոցիալական և տնտեսական խնդիրները հնարավոր էր լուծել առանց Արցախը հանձնելու. Նատալյա Սաղիյան

 

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թավշյա իշխանազավթման օրակարգ հայտարարված սոցիալական և տնտեսական խնդիրները հնարավոր էր լուծել առանց Արցախը հանձնելու: Բայց թավշիստների պարագլխի օրակարգում հենց Արցախի հանձնումն էր, հետագայում  Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին թշնամու հետ խաղաղության հաստատմամբ:

2018 թվականի իշխանազավթմանը մասնակցողների գերակշռող մեծամասնությունը հավատում էր, որ կապիտուլյանտը կլուծի երկրում առկա ներքին սոցիալական և տնտեսական խնդիրները, հասարակ քաղաքացիների կյանքը դարձնելով հեքիաթ: Չէ՞ որ թավիշը ժողովրդի հետ խոսում էր գրեթե բացառապես ներքին խնդիրների մասին՝ սոցիալական անհավասարություն, կոռուպցիա, խնդիրներ բանակում, ցածր թոշակներ և այլ խնդիրների մասին, որոնք թմբկահարելով կարելի էր փողոց հանել ազգաբնակչության մի ստվար զանգված:

Եվ զանգվածը հավատաց, որ իրենց երեխաների պայծառ ապագայի համար է ցավում ապագա կապիտուլյանտի սիրտը:

Անցել է ավելի քան 3 տարի:

Գիքորի պատճառով ունեցանք պատերազմ, որից հնարավոր էր խուսափել: Պատերազմը բերեց 5000 զոհ, Արցախի տարածքի 75 տոկոսի օկուպացիա թշնամու կողմից, առաջացրեց հանրության ապատիա և դեսենսիբիլիզացիա՝ փաստացի անտարբերություն նույնիսկ ամենասարսափելի բաների նկատմամբ:

Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է և արդեն առերևույթ դարձել է օրվա իշխանության կողմից առաջ մղվող պետական օրակարգ:

Ներքին խնդիրները ոչ միայն լուծված չեն, այլև խորացել են՝ արտաքին պարտքը աստղաբաշխական թվերի է հասել, գնաճը սաստել չի լինում, ներդրումները նվազել են, առկա է կապիտալի արտահոսք և այս ամենին գումարվել է համավարակի դեմ տապալված պայքարը:

Ես վստահ եմ, որ ՛հեղափոխության՛ օրերին թմբկահարվող ներքին խնդիրները հնարավոր էր լուծել առանց Արցախը թշնամուն հանձնելու, Սյունիքը վտանգելու, Երասխում և Վերին Շորժայում թշնամու հետ 10 մետրի վրա հայտնվելու և համազգային խայտառակության:

Բայց ավաղ, ներքին խնդիրները մնացել են և չէն էլ լուծվելու այս իշխանության օրոք, իսկ 5000 լույսի ճրագ մարել են, Շուշին ու Հադրութը օկուպացված են թշնամու կողմից, Սյունիքի ճակատագիրը որոշվում է երրորդ կողմերի շրջանակներում առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու և Հայաստանը համաշխարհային մասշտաբով դադարել է սուբյեկտ լինել, այլ դարձել է այլոց խաղի օբյեկտ:

Ինձ էլ չհամարձակվեք ասել, որ Նիկոլը մեղք չունի, ինքը լավն էր ուզում, բայց իրեն չթողեցին:

Նիկոլը հենց սա էր ուզում, սա է իր գոյության պարադիգման, նա է մեր համազգային ողբերգության և խայտառակության միակ մեղավորն ու պատասխանատուն:»