Երևանը պետք է ատամ ցույց տա՝ հայ-իրանական հակագրոհ «թուրքական մարշի» դեմ. EA Daily
Ankakh.com-ը հրապարակել է EA Daily պարբերականի հոդվածը.
«Օրերս Հայաստանի նախկին նախագահ, ներկայումս երկրի առաջատար ընդդիմադիր ուժի և թվաքանակով երկրորդ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ 2020 թվականի աշնան ղարաբաղյան պատերազմից հետո Երևանը հայտնվեց «բանակցությունների սեղանին», փոխանակ, մյուս պետություններին հավասար, նստեր դրա շուրջը: Անկասկած սա հայկական ներկայիս իշխանությունների համար ցավալի արձանագրում է: Բայց մենք ավելի համարձակ բնորոշումներ թույլ կտանք՝ այդուհանդերձ ոչ ոքի չցանկանալով էլ ավելի խոցել:
Վերջին զարգացումներն Անդրկովկասում վկայում են, որ Երևանը թերևս գտնվում է նույնիսկ ոչ թե բանակցությունների սեղանի վրա, այլ սեղանի տակ: Նրա սուբյեկտայնությունը, ինքնուրույն ռազմա-քաղաքական որոշումների ընդունման և և հաստատակամորեն առաջ տանելու առումով, հիմնավորապես տապալված է: Հայաստանը բանակցությունների սուբյեկտից ավելի ու ավելի հաճախ է վերածվում դրանց օբյեկտի, որի կարծիքը եթե չեն էլ անտեսում, ապա լրջորեն հաշվի էլ չեն առնում:
Դա չի կարող անվերջ շարունակվել, հանրապետության անընդունելի դիրքորոշումը պայմանավորված է նրա անցած տարվա ռազմական անհաջողությամբ և շատ ավելի անատամ դիվանագիտությամբ, ինչը կարելի է տեսնել այսօր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքն է առել ձիթենու ճյուղը, «խաղաղության դարաշրջանի» գաղափարներ է սերմանում տարածաշրջանում, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարների «դրական ազդակներ» տարածում: Ընդ որում, ընդգծված խուսափում է ադրբեջանական ղեկավարության հասցեին բանավոր ելույթներից, որը իր հերթին բացահայտ չի տառապում հետպատերազմյան խաղաղասիրությունից: Հայաստանի կառավարության ղեկավարը ջրում է տեղի ընդդիմության ցասումը, կապված Բաքվի հարձակումներին արժանի արձագանքի բացակայության հետ, խորհուրդ տալով «ամուր նյարդեր պահպանել խաղաղության օրակարգն առաջ տանելու համար»:
Մենք համամիտ չենք այն կարծիքին, թե հայկական իշխանությունների ձեռքին ձիթենու ճյուղի փոխարեն պետք է կալաշնիկով ինքնաձիգ լինի: Բայց որպեսզի նշված «բանակցային դիրքորոշումը» Երևանի համար չդառնա տևական հյուծող անորոշություն, հայերը պետք է իրենց հակառակորդներին ատամ ցույց տան, եթե չեն ցանկանում զրկվել այն ամենից, ինչ մնացել է:
Հայկական բանակի՝ իշխանությունների ձեռնարկած բարեփոխումների առավելագույն արագ արդյունքը մնում է մշուշոտ: Ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե առհասարակ ինչպես են հնարավոր զինված ուժերի արդյունավետ բարեփոխումները, ապահովելով դրանց մեծ արագությունը, երբ երկրի զինվորական վերնախավը շարունակում է թուլանալ հաճախակի կադրային փոխատեղումների և նախաձելի պարբերականությամբ հարուցվող քրեական գործերի տենդից: Հայաստանը միջնաժամկետ հեռանակարում (5 տարի) պահուստային ժամանակ չունի, որպեսզի հույսը դնի բացառապես բանակի բարձր մարտունակության վերականգնման վրա: Առանց դրա, անկասկած, ոչինչ հնարավոր չէ: Բայց բանակաշինության ոլորտի վերականգնողական միջոցներին զուգահեռ՝ հայերը Անդրկովկասի ռազմա-քաղաքական ռինգում չպետք է սևեռվեն «խաղաղության դարաշրջանի» օրակարգի վրա:
Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, դրանց իսկական միության տեսք տալը, որի օգնությամբ, ի թիվս այլոց, կլուծվի նաև բանակային բարեփոխումների առավելագույն արագության հարցը, առաջին տեղում է: Առաջնայնությունների հերթականության և նշված ատամ ցույց տալու ընդգծված տրամադրվածության պարագայում հաջորդում է Իրանը: Նա իր հաշիվներն ունի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ: Դրանում կարելի համոզվել գրեթե ամեն օր:
Իրանը տարածաշրջանում 44-օրյա պատերազմի հետևանքով երկրորդ պարտված կողմն է Հայաստանից հետո: Իշխանությունում տեղի պահպանողականների ամրապնդումից հետո այդ ըմբռնումն ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է գտնում Թեհրանում: Իրանի մայրաքաղաքում խորանում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմին «տեղը դնելու» տրամադրությունը, ինչպես ավելի վաղ նշել ենք, առանց բանը հասցնելու նրա հետ անմիջական ռազմական առճակատման:
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) շահերը այդ առումով օրգանապես համընկնում են: Իհարկե, եթե Երևանը, կրկնենք, չտարվի «ձիթենու ճյուղով», այլ Թեհրանի հետ միասին ռազմա-քաղաքական ջանքեր ձեռնարկի: Այդ ջանքերի թվում կարող ենք նշել երեք ուղղություն, որոնցից երկուսը հստակ Անկարա-Բաքու կապի համատեղ ռազմական զսպման տարր են պարունակում, իսկ երրորդը՝ խառը ռազմա-քաղաքական:
Զորավարժությունները
Ղարաբաղյան պատերազմից հետո անցած ոչ լրիվ տարվա ընթացքում տարածաշրջանում տասնյակ համատեղ զորավարժություններ են եղել: Առանձին ակտիվությամբ այդ առումով աչքի են ընկել Ադրբեջանը և Թուրքիան՝ դիտավորյալ ցուցադրաբար հանդես գալով ավելի վաղ հատուկջոկատայինների զորաշարժերով Լաչինի միջանցքի շրջանում, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ և որի երկայնքով տեղակայված են ռուսական խաղաղապահների հենակետերը, ինչպես նաև՝ Նախիջևանում: Երևանը դեռ դրան որևէ լուրջ պատասխան չի տվել, այն դեպքում, երբ նրա կողմից սպասվում է առաջարկություն անել Թեհրանին համատեղ զորավարժություններ կազմակերպել երկու երկրների տարածքներում՝ դրանք դարձնելով պարբերական:
Իրանը նման փորձ ունի ռազմածովային բաղադրիչում, Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությամբ: Համատեղ ցամաքային զորաշարժերը Հայաստանի հետ շահագրգռում են Իրանին, բայց ինչպես մեզ հասկացրին Թեհրանի աղբյուրները, այնտեղ սպասում են համապատասխան նախաձեռնություն հայկական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ռազմական դաշինքը Մոսկվայի հետ: Ռուսաստանը չպետք է սկզբունքային առարկություններ ունենա այդ կապակցությամբ, առավել ևս, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը բառացիորեն հրահրում է նրա տարածաշրջանային հակառակորդներին համաչափ պատասխան միջոցների դիմել:
Անցած ամսին հայկական Սյունիքում՝ Գորիս-Կապան մայրուղում, ադրբեջանցի ոստիկանների կողմից երկու իրանցի բեռնատարների վարորդների ձերբակալումից հետո Թեհրանը Բաքվից սպասում է «բարիդրացիության քայլ», բայց դրա փոխարեն ստանում է իր համար միանգամայն անընդունելի մեղադրանքների նոր չափաբաժին: Նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին օգտագործել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի հարթակը, որպեսզի հրապարակային կշտամբանքներով հարձակվի Հայաստանի և Իրանի վրա՝ կապված «Լեռնային Ղարաբաղի տարածքը դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի մատակարարման» համար օգտագործելու հետ: ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արձագանքել է Ադրբեջանի առաջնորդի հայտարարություններին՝ դրանք որակելով ստահոդ և զուրկ քաղաքական բարեկրթությունից:
«Մեղադրանքները մի երկրի հասցեին, որը միջազգային հանրության կողմից ճանաչվել է թմրանյութերի առևտրի դեմ պայքարի հերոս, բացի հերքումից, այլ հետևանքներ չեն կարող ունենալ»,- նշել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:
Դրոնները
Երևանը կարող էր բարձրացնել նաև Թեհրանից առանձին սպառազինությունների գնման հարցը: Օրինակ՝ անօդաչու հետախուզական-հարվածային ավիացիայի ոլոտում, որում Իրանը վերջին տարիներին ակնառու հաջողությունների է հասել: Անկասկած, ինչպես և հայ-իրանական համատեղ զորավարժություններ անցկացնելու գաղափարի դեպքում, կպահանջվի անդրկովկասյան հանրապետությանը դաշնակից Ռուսաստանի նախնական խորհրդատվությունը, որը փաստացի մենաշնորհային կարգով գերիշխում է նրա զենքի շուկայում: Դժվար թե Մոսկվան դեմ լինի, որ Երևանը իրանական արտադրության հարվածային դրոնների սահմանափակ խմբաքանակ ձեռք բերի: Այս առումով, բացի անմիջական ռազմական բաղադրիչից, կարևոր է նաև քաղաքական ազդակը Անկարային: Վերջինս միանգամից մի քանի երկրներում, որտեղ թուրքական շահերը հակասության մեջ են ռուսականների հետ (Ուկրաինա, Սիրիա, Լիբիա, իսկ համեմատաբար վերջին ժամանակներս նաև Անդրկովկաս), իր անօդաչուները առաջ մղելու չափազանց ագրեսիվ «գովազդային» արշավ է վարում:
Իրանը շատ կոգեշնչվեր իր անօդաչուների նկատմամբ արտաքին հետաքրքրության դեպքում, քանզի նրան որոշ չափով զայրացնում են Թուրքիայի ցուցադրական «անօդաչուական պոռթկումը» և Ադրբեջանի ամբարտավան գործողությունները հենց Իսլամական Հանրապետության սահմանին: Թեհրանում չեն մոռացել և ևս մեկ անգամ կհիշեցնեն Բաքվին Իլհամ Ալիևի «ֆոտոսեսիան» թուրքական և իսրայելական դրոնների հետ Ջաբրայիլում, որը անցել է ադրբեջանական հսկողության տակ 44-օրյա պատերազմի հետևանքով:
Նախարարական ձևաչափը
Նշված նախաձեռնությունները Երևանը կարող է ամրապնդել՝ առաջարկելով Թեհրանին ձևավորել միջպետական խորհրդատվական հարթակ՝ «2+2» ձևաչափով՝ ԻՀՀ-ի ՌԴ-ի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումներով տարին մեկ պարբերականությամբ, հաջորդաբար նրանց մայրաքաղաքներում: Դա այնքան էլ համաչափ պատասխան չի լինի Անկարային և Բաքվին, որն այս տարի նույն ամբարտավան ցուցադրականությամբ իր ռազմա-քաղաքական միությունն ամրագրեց Շուշիի հռչակագրով: Օբյեկտիվ պատճառներով նման մի բան Հայաստանի և Իրանի դեպքում առայժմ ակնհայտորեն վաղաժամ է թվում: Անհրաժեշտ է փոխվստահությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի, ինչին էլ հենց կնպաստեն համատեղ զորավարժությունները և ռազմա-տեխնիկական համագործակցությունը, դրանից հետո միայն կարելի է առավել հավակնոտ ծրագրեր մշակել:
Նշված գաղափարների քննադատներն անպայման կմատնանշեն ԱՄՆ-ի և առհասարակ հավաքական Արևմուտքի դիրքորոշումը, որոնք կարող են խոչընդոտել Հայաստանի և Իրանի ռազմա-քաղաքական մերձեցումը: Դրան կարելի է համաձայնել, բայց մասնակիորեն: Արևմուտքը, եթե չխանգարի էլ նման դաշինքին տարածաշրջանում, ապա դրան կհակադրի որոշ գործնական հակամիջոցներ: Թուրքական աղեղը Ստամբուլից մինչև չինական Սինցզյան, որի միակցմանը ներկայումս փաստացի խանգարում է միայն հայկական Սյունիքը, եվրոատլանտյանների ծրագրերի մեջ չի մտնում: Նրանք երբեք էլ հիացած չեն եղել թուրքական աշխարհաքաղաքական հավակնություններով: Եթե «թուրքական մարշի» ճանապարհին տարածաշրջանում դեմ կանգնի նույնիսկ Իրանը, որի հետ նատօական հանրությունը ավանդաբար բարդ հարաբերությունների մեջ է, ԱՄՆ-ն և եվրոպական գործընկերները սկզբունքորեն դեմ չեն լինի:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա նկատմամբ Վաշինգտոնում միշտ էլ որոշ բացառություններ են արվել, երբ ծագել է շիիթական տերության հետ նրա կապերի հարցը: Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Երևանի՝ չափազանց դժվարին կացության մեջ հայտնվելուց և Սպիտակ տանը թերևս 1990-ական թթ ի վեր «ամենահայամետ» վարչակարգի հայտնվելուց հետո Իրանի հետ Հայաստանի մերձենալու պատճառով պատժամիջոցային հետևանքներ չեն սպառնում:
Թուրքիան ավելի ու ավելի է կավե ոտքերով հսկա հիշեցնում՝ մշտապես գտնվելով ներքին պայթյունի եզրին՝ կքած ծավալվող խնդիրների տակ, նախևառաջ՝ տնտեսական բնույթի: Հետևելով ներսից բաժան-բաժան եղած «մինի կայսրությունների» հայտնի ավանդույթին՝ թուրքական առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է մինչև առաջիկա համընդհանուր ընտրությունները երկրում՝ մինչև 2023 թ. ամառը, պահել իրավիճակը արտաքին ռազմական ներխուժումների հաջողության շնորհիվ: Դա մի տեսակ Թուրքիայի «ինտերվենցիոն կախվածության» բնույթ է ձեռք բերում, հերթական նման արշավ է ենթադրվում այս օրերին Սիրիայի հյուսիսում, այնտեղի քրդական աշխարհազորի դեմ:
«Թուրքական մարշի» դեմն առնելը Իրանի համար առաջնահերթություններից մեկն է դառնում: Նրան նույնքան պետք է ատամ ցույց տալ ամբարտավան հարևանին:»
Վյաչեսլավ Միխայլով
Աղբյուրը՝ EA Daily
