«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում». այս պահանջով հայտարարության քվեարկությանը ՔՊ-ն չմիացավ
168.am-ը գրում է.
«Այսօր ի թիվս այլ նախագծերի՝ ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը:
Թե ինչո՞ւ ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը՝ մանրամասնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը.
«Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում»:
Պատգամավորի խոսքով՝ թեև նախագիծը ստացել են երեկ բավականին ուշ, սակայն փորձել են աշխատել գործընկերների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել. «Նախագծում տեղ գտած այն դրույթներն ու թեզերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին, մենք այդ դրույթների հետ որևէ խնդիր չենք տեսնում: Ավելին՝ խորհրդարանական մեծամասնությունն իր բոլոր խողովակներով, և գործադիրը բոլոր մակարդակներում պայքարում է նշված խնդիրների միջազգային հանրայնացման և խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ՝ ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք նման հայտարարության մեջ չեն կարող տեղ գտնել»:
