2096 նոր դեպք, 43 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Armeniasputnik.am-ը գրում է.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2096-ով և դարձել 304 546: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 31 090 մարդ (+787), կատարվել է 2 066 269 թեստավորում (+18141), առողջացել են վարակվածներից 265 936-ը (+1258): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6232 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով և դարձել 1288։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։»