3 կուսակցություն դեմ քվեարկեց «Բալասանյան Դաշինքի» թեկնածուին. ընտրվեց Գյումրու համայնքապետ

Hraparak.am-ը գրում է.

«Ավարտվեց Գյումրու համայնքապետի թեկնածուի ընտրությունը։ Ուշագրավ է, որ «Զարթոնք», «Հանրապետական» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու անդամները դեմ քվեարկեցին «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանին։

Փոխարենը միաձայն կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հետաքրքիր է, որ «Բալասանյան դաշինքից» ավագանու մեկ անդամ՝ Վահան Հունանյանը, չմասնակցեց քվեարկությանը, սակայն ընդհանուր 24 ձայնով Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Վարդգես Սամսոնյանի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։

Հիշեցնենք, որ ավագանու անդամների թիվը 33 է, համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանար ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:»