Սահմանամերձ համայնքների ղեկավարներին ինչո՞ւ եք կալանավորում` ծրագիր ունե՞ք
Hraparak.am-ը գրում է.
«Այսօր տեղեկացանք, որ միանգամից երկու սահմանամերձ համայնքի ղեկավար է կալանավորվել` Տավուշի մարզի Բերդ քաղաքի ղեկավար Հարություն Մանուչարյանը եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ կալանքի տակ են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը եւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ապա պարզ կդառնա, որ սա կոնկրետ ծրագիր է` կռվող, պայքարող համայնքապետերին մեկուսացնելու:
Այսինքն, այն անձինք, որոնք ի վիճակի են դիմադրություն կազմակերպել, ապահովել իրենց տարածքների պաշտպանությունը, մարդկանց առաջնորդել, զենք վերցնել եւ թշնամուն թույլ չտալ, որ մի մետր անգամ մեր հայրենիքից զավթեն, նրանք բոլորը կալանավորված են` զրկված ինչ որ բան անելու հնարավորությունից: Այս իշխանությունների համար դարձել է գերնպատակ` ծիծաղելի ու չապացուցված մեղադրանքներով հարգված, կռված, իրենց համայնքներում մեծ հեղինակություն ունեցող անձանց բանտում պահելը, որ չխանգարեն իրենց նենգ նպատակների իրագործմանը: Առհասարակ` աշխարհում շատ քիչ դեպքերում են նախնական կալանք կիրառում:
Մեր օրենսդրությունն էլ է պահանջում, որ նախնական կալանք կիրառվի միայն կոնկրետ դեպքերում` երբ վտանգ կա, որ մարդը կարող է նոր հանցագործություն կատարել կամ ներազդել վկաների վրա: Իսկ համայնքապետերին առաջադրված մեղադրանքները կամ արդեն կատարված, ավարտված են եւ շարունակվող հանցակազմ չեն պարունակում, ասենք` ընտրական հանցագործություններ են` կապված արտահերթ ընտրությունների հետ: Կամ` տնտեսական մեղադրանքներ են, պաշտոնի չարաշահման հոդվածներով, որոնք հիմնականում անհեթեթ են ու անհիմն եւ քաղաքական հստակ ենթատեքստով: Կալանքի սանկցիաներն էլ տալիս են, որպես կանոն, իշխանությունների սպասարկու դատավորները, որոնց գործերը մակագրվում են ձեռքով:
Նման պայմաններում մարդկանց կալանավորելը ակնհայտ միտում ունեցող ծրագրի մի մասն է: Հակառակ դեպքում` ինչպես կարող էր Խաչատուր Սուքիասյանի կրակոցով մարդուն վնասվածք հասցրած եղբայրն ազատ արձակվել, իսկ Բերդի քաղաքապետը` կալանավորվել:»
Սերոբ Մարության
