Ինչքան շատ մարդ է գնում ընտրատեղամաս, այնքան քիչ տոկոս է հավաքում ՔՊ-ն. Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ու ՏԻՄ ընտրությունների մասին։ Վերջին շրջանում ընդհանուր 9 համայնքում են եղել ընտրություններ։ Ու ահա թե ինչ պատկեր ունենք դրանց արդյունքներում․

1․ 9 համայնքներից 7-ում ՔՊ-ին աջակցել է բնակիչների ընդհանուր թվի 17%-30%։ Մյուս երկուսից Գյումրիում 7.1%, իսկ Տեղում 38.5%։

2․ ՔՊ-ն 50%+1 հավաքել է 4 համայնքում ու դրանցից միայն Տեղ համայնքն է, որտեղ եղել է ընտրողների բարձր մասնակցություն։

3․ ՔՊ-ն <50% հավաքել է 5 համայնքում ու դրանցից միայն Գյումրին է, որտեղ եղել է ընտրողների ցածր մասնակցություն։

Այսպիսով կարող ենք ասել, որ ընդհանուր դեպքում կա բացասական կորելյացիա ընտրողների ակտիվության ու ՔՊ հավաքած տոկոսների միջև։ Այսինքն՝ ինչքան շատ մարդ է գնում ընտրատեղամաս, այնքան քիչ տոկոս է հավաքում ՔՊ-ն։

Դրա պատճառը պարզ է․ ՔՊ-ն ունի «կայուն» ընտրազանգված, որը կազմում է 17%-30%։ Այդ ընտրազանգվածի մեջ մտնում են կախյալ մարդիկ, ովքեր պարտադրված են քվեարկում ՔՊ — բյուջետնիկներ, այս կամ այն ՔՊ-ականի կլիենտներ (այդ բառի հին հռոմեական իմաստով) ևն։ Այդ մարդիկ, ըստ էության, միասին ՔՊ ռեյտինգի ստորին սահմանն են կազմում․ 17%։ Այդ 17%-ից այն կողմ արդեն ապահովում են ՔՊ անկեղծ ֆանատները, եթե կուզեք՝ զոմբիները — սա բոլոր այն մարդիկ են, ովքեր սեփական հոժար կամքով ու համոզմունքներով են ՔՊ քվեարկել։ Դրանց թիվը, ինչպես տեսնում եք, չի գերազանցում բնակչության 13%-ը։

Հիմա, ի՞նչ է կատարվում ընտրությունների ժամանակ։ Այն տեղերում, որտեղ կա տեղական հեղինակություն, ում մարդիկ գիտեն, վստահում են, հարգում են, այդտեղ այդ թեկնածուն/ուժը կարողանում է մարդկանց մոբիլիզացնել ու տանել ընտրատեղամասեր։ Այնտեղ, որտեղ այդպիսի թեկնածու/ուժ չկա, ընտրատեղամասեր գնում է երկու խավ․ ՔՊ վերոնշյալ կայուն ընտրազանգվածը ու առավել համառ ընդդիմադիրները։ Վերջիններիս քանակը, սակայն, ընտրություններում հաղթանակի համար բավարար չի լինում։

Եզրակացություն․ ՏԻՄ ընտրություններում հաղթելու, իսկ ապա նաև համապետական ընտրություններում հաղթանակի հայտ ներկայացնելու համար ընդդիմադիր քաղաքական ուժերը ընդհանուր դեպքում պիտի ներդրումներ անեն տեղական այն գործիչների քաղաքական կարիերայում, ովքեր վայելում են լավ համբավ։ Եթե այդպիսիք չկան, ապա՝ պիտի աճեցնեն դրանց։ Համապետական մասշտաբի գործիչների հեղինակության հաշվին տեղերում հաջողության հասնել չի ստացվի․ պետք են հենց տեղական հեղինակություններ։ Եվ հակառակը, որևէ դեպքում չպիտի ներդրումներ անեն իրենց անվանարկած գործիչների վրա։

Այս օրինաչափությունը, թերևս աշխատում է փոքր ու միջին համայնքների դեպքում։ Երևանում այն չի աշխատի, Գյումրիում կարծես թե չի աշխատել, Վանաձորում 3 շաբաթից կտեսնենք։ Այսինքն՝ խոշոր բնակավայրերի դեպքում, թերևս, այլ բան է պետք մտածել։ Երևանի դեպքում, որ հաստատ։»