ԱԻՆ-ը ամենագնաց մեքենաներով ապահովում է Սյունիքի մարզի սահմանային գյուղերի կարիքները. Նախարար

New.am-ը գրում է.

Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապված այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են յդ գյուղերի կարիքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Կոնկրետ Շուռնուխ գյուղում արդեն շուրջ մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում եւ ցանկացած ժամանակ աջակցում են գյուղի բնակչությանը:

Բացի դրանից, Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ՝ Աղավնոյի հատվածում: Նախատեսել ենք ևս մեկ տաքացման կետ այդ ճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը կօգնի մեր բնակչությանը: Բացի այդ ունենալու ենք մեկ տաքցման կետ Տաթեւից Կապան գնացող մայրուղու հատվածում: Ասյինքն երեք տաքացման կետ ենք ունենալու: Տաքացման կետերում լինելու են առաջին օգնության, բուժօգնության անհրաժեշտության միջոցներ», — ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել մարդկանց։

«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում: Ձյան պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք 2 օրվա ընթացքում տեղափոխելու ենք այդ հատված», — ասաց Փիլոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ։