2021թ-ի նոյեմբերին արձանագրված գնաճը. Banksnews.am

Banksnews.am-ը գրում է.

«Հայաստանում գների մակարդակը վերահսկվում է ԿԲ-ի կողմից, որի նպատակաուղղված քաղաքականության արդյունքում չի թույլատրվում գների այնպիսի տատանումներ, որոնք կարող են ճակատագրական լինել ողջ տնտեսության բնականոն զարգացման համար։ Այդուհանդերձ, 2021թ-ի նոյեմբերին գնաճը շարունակել է իր վերելքը։

Սույն հոդվածում փորձենք վերլուծել գնաճի ներկայիս մակարդակը և հասկանալ՝ դրա վրա ինչ ազդեցություն են ունեցել վերջինիս բաղադրիչները։

Սկզբում դիտարկենք սպառողական գների փոփոխությունը 2021թ-ի աշնան երեք ամիսներին՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ.

Գծապատկեր 1․ 2021թ-ի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՍԳԻ-ի փոփոխությունը 2020թ-ի նույն ամիսների համեմատ

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում գնաճը շարունակում է հասնել էլ ավելի բարձր մակարդակի։ Դեռևս 2021թ-ի սեպտեմբերին ունեինք գնաճի 8,9%, իսկ արդեն 2021թ-ի նոյեմբերին՝ 9,6% մակարդակ։

2021թ-ի նոյեմբերին 2020թ-ի նույն ամսվա համեմատ Սպառողական գների ինդեքսի /ՍԳԻ/ բաղադրիչներից յուրաքանչյուրը փոփոխվել է տարբեր կերպ։

Այդ փոփոխություններին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերից․

Գծապատկեր 2․ 2021թ-ի նոյեմբերին ՍԳԻ փոփոխությունը տարբեր ապրանքային խմբերում 2020թ-ի նոյեմբերի համեմատ

Նկատենք, որ գրեթե բոլոր բաղադրիչների մասով արձանագրվել է գների աճ։ Առավելագույն գնաճ դիտվել է «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» ոլորտում՝ 16․9%։ Վերջինս գերազանցել է ՍԳԻ-ն 7,3 տոկոսային կետով։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «հագուստ և կոշիկ» ոլորտը՝ գնաճի 12,1% մակարդակով։

Երրորդ հորիզոնականում է «հանգիստ և մշակույթ» ոլորտը 11,5% ցուցանիշով։ Նվազագույն գնաճ արձանագրվել է «կապի» ոլորտում՝ 0,9%։

Ամենավտանգավոր կարող է դառնալ այն, որ շղթայական ռեակցիայի նման գնաճային սպասումները արագորեն տարածվեն բոլոր ոլորտներով։ Այսինքն, յուրաքանչյուրը գիտակցելով, որ իր աշխատած եկամուտները արագորեն արժեզրկվել են, սկսի բարձրացնել սեփական ծառայությունների գները։