ՀՀԿ-ն ցույց տվեց, որ այդքան հարվածներ ստանալով, հեռացվելով իշխանություններից՝ այսօր ընդդիմության ամենաառանցքային քաղաքական ուժերից է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի մամուլի ասուլիսը.

«Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ իր հունով է գնում, բայց երկրում լարվածության մեծ աստիճան կա: Եթե տարին ենք ամփոփում, նշեմ, որ այս տարվա ԱԺ արտահերթ ընտրությունները որևէ խնդիր չլուծեցին, չհանգուցալուծեցին մեր հասարակության առջև կանգնած խնդիրները և այն սպասելիքները, որ քաղաքական ճգնաժամը երկրում կլուծվի»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝շեշտելով, որ ճգնաժամը ոչ թե հաղթահարվել, այլ ավելի է խորացել:

«Մարդկանց անվստահությունը գործող վարչախմբի նկատմամբ գնալով սրվել է, և դրա վառ ապացույցն է նաև ՏԻՄ ընտրությունները: Մենք լավ տեսանք, որ գործող վարչախումբը չստացավ այն քանակի ձայներ, աջակցություն, որը թեկուզև ստացել էր ամռանը: Այսինքն, իշխող ուժի վարկանիշը գահավիժում է, և այդ ամենը համեմված է արտաքին աշխարհում Հայաստանի նվաստացման հերթական պատմություններով: Օր օրի ՀՀ-ն դառնում է թուրքերի, ադրբեջանցիների և թուրքադրբեջանական տանդեմի ինչ-որ նվաստացած պետություն»,- հավելեց Վահան Բաբայանը:

Նա շեշտեց՝ վերջին ընտրություններին, որոնք անցել են վախի և տեղեկատվական տեռորի մթնոլորտում, միևնույն է՝ ԱԺ են վերադարձել նախկին նախագահների ղեկավարած կառույցները, դաշինքները:

«Այսինքն, ստացվեց, որ իրականում մարդիկ այսօր էլ ընտրելու են, այսպես կոչված, նախկինի և ներկայի միջև, որովհետև ինչքան էլ փախչեն, վատաբանեն նախկինը, փաստը մնում է փաստ, որ վերջին 20 տարիները, մինչև հեղափոխությունը, ՀՀ-ն եղել է արժանապատիվ պետություն, որին ներկայացրել են արժանապատիվ ղեկավարներ, ովքեր կարողացել են բացահայտ առաջ տանել մեր շահն աշխարհում: Մենք ունեցել ենք անվտանգ և ազատ Արցախ, և հույս, որ վաղը ավելի լավ պետություն ենք կառուցելու: Այս մարդկանց՝ իշխանության գալուց հետո մենք ունեցանք հակառակը. կորցրած Արցախ, հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, տնտեսական անկումներ, արտագաղթ: Այն ժամանակ, ինչքան էլ եղել են խնդիրներ, բացասական երևույթներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք, բայց այն ժամանակ մարդը գիտեր, որ ապրում է անվտանգ երկրում, որ իր երկրի ղեկավարի հետ հաշվի են նստում աշխարհում»,- նկատեց Վահան Բաբայանը:

Անդրադառնալով ՀՀԿ 17-րդ համագումարին՝ բանախոսն այն պատմական համարեց՝ ընդգծելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ մեսիջներ է հղել և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար:

«ՀՀԿ-ն ցույց տվեց, որ այդքան հարվածներ ստանալով, հեռացվելով իշխանություններից՝ այսօր ընդդիմության ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկն է: Այսօր ՀՀԿ նախագահը կրկին պայքար է սկսել, և այդ պայքարը սկսվել է դեռևս Արցախյան շարժման տարիներից՝ Արցախի և Հայաստանի ազատության համար, որովհետև այսօր, բոլոր խնդիրներից բացի, որոնք կուտակված են մեր երկրի առջև, մենք ունենք ազատ ապրելու խնդիր»,- նշեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը:

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն ինքնամաքրվել է, դարձել է մարտիկների, հայրենասերների, մինչև վերջ պայքարող քաղաքացիների մի կուռ կառույց: