Դատավոր Կարեն Ֆարխոյանը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը
Hraparak.am-ը գրում է.
«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ մեկնարկեց ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Ռոբերտ Սուքիասյանի գործով դատական նիստը։ Նիստին, բացի Սուքիասյանի պաշտպանից, մյուս ամբաստանյալների փաստաբանները չէին ներկայացել։ Առաջին րոպեներից լրագրողների համար պարզ էր, որ նիստը դատավարության կողմերի բացակայության պայմաններում չի կարող շարունակվել եւ հետաձգվելու է։
Այդ իսկ պատճառով, երբ Ֆարխոյանն ընթերցեց փաստաբաններից մեկի դիմումը` նիստին չմասնակցելու պատճառաբանության մասին, դրանից հետո մենք դատավորին խնդրեցինք` թույլ տալ տեսանկարահանել եւ լուսանկարահանել դատական նիստը, քանի որ այն երկար չէր տեւելու, իսկ մենք ուզում էինք գոնե լուսանկար եւ տեսանյութ ունենալ, մանավանդ որ Ռ․ Սուքիասյանը համացանցում որեւէ լուսանկար չունի։ Ի դեպ, մինչ նիստի մեկնարկը դատական կարգադրիչներն օպերատորներին զգուշացնում էին՝ նիստը չտեսանկարահանել, մինչեւ դատարանը չթույլատրի։ Ի պատասխան մեր խնդրանքին, դատավորը հրահանգեց չխանգարել։ Տպավորություն էր, թե ինքը հանգստի մեջ է, իսկ մենք խանգարում ենք։
Նիստը շարունակվեց, լսեցին փաստաբանների դիմումները, դատավարության կողմերի կարծիքները՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, բայց այդպես էլ նա չքննարկեց լրատվամիջոցի միջնորդությունը։ Հետո հայտարարվեց ընդմիջում` ինչ-որ տեխնիկական հարցեր լուծելու համար։ Ընդմիջումից հետո դատավորը եկավ եւ հայտարարեց, որ նիստը հետաձգվում է։ Վերջում էլ մեզ մեղադրեց, թե դատարանն աշխատում էր, իսկ մենք խանգարում էինք։
Մենք էլ հիշեցրինք, որ սա էլ մեր աշխատանքն է` հանրությանը տեղեկացնել իրադարձությունների մասին, եւ որ արդեն կանխատեսելի էր` նիստը հետաձգվելու է, իսկ մենք կհասցնեինք այդ ընթացքում տեսանկարահանել դատական նիստը։ Փաստորեն, դատավոր Ֆարխոյանը խոչընդոտեց դռնբաց դատական նիստին լրատվամիջոցների աշխատանքին, եւ դա ակնհայտ միտում ուներ՝ թույլ չտալ, որ տեսանկարահանվի այն։
Նշենք, որ Ֆարխոյանը դատական համակարգում հայտնի է ընդդիմադիր գործիչներին կալանավորելու որոշումներով։ Հիմա նաեւ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու պահվածքով։»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5bf774bfd88025b70c9799a8c78cc490
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
