«Պատիվ ունեմ»-ը տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու. Վանեցյան

Times.am-ը գրում է.

«ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ազատության« եթերում խոսել է ԱԺ պատվիրակության կազմում իր ԱՄՆ այցը չեղարկելու պատճառների մասին:

««Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ արարողակարգային կամ տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու», — այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Արթուր Վանեցյանը` ավելացնելով, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու ԱԺ նախագահի կողմից ներկայացված հրավերի ժամանակ ասվել էր, որ լինելու է հանդիպում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, այդ պատճառով էլ համաձայնել էր մեկնել:

«Կարծեցի, որ դա կարևոր հարթակ է, որտեղ մենք՝ որպես Հայաստանի ընդդիմություն, կարող ենք ներկայացնել իշխանության տեսակետից տարբերվող տեսակետ և կկարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում, սակայն վերջին պահին ինձ տեղեկացրին, որ փոխվել է պատվիրակության կազմը և Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցելու են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը», — նշել է Վանեցյանը։

«Իշխանությունն ասում է՝ դա ամերիկյան կողմի պահանջն էր, որ հայկական կողմից երեք հոգի պետք է մասնակցի, սակայն փաստացի տեսնում ենք, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցում են բացառապես ՔՊ ներկայացուցիչները»-հավելել է նա:»