1970-ականների քարտեզներով մենք կորցնելու ենք, սահմանազատումը պետք է արվի 1926 թվի քարտեզով. Ռուբեն Գալչյան

Hraparak.am-ը գրում է.

«Շարունակում է օրակարգային մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների սահմանազատման ու սահմանագծման հարցը։ Հայկական կողմն առաջ է քաշել զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որից հետո տեղի կունենան սահմանազատում ու սահմանագծում։ Այս առաջարկը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաեւ գրավոր։

Սակայն ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հակադրվեց առաջ քաշված այս տարբերակին` նշելով պատճառները, որոնք խախտում են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը նշում էր, որ մեր ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, մեր բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Սահմանագծման ու սահմանազատման թեման կշարունակի օրակարգային հուզող հարց մնալ այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել գործընթացը, իսկ սկսվելուց ու ավարտվելուց հետո էլ անորոշ է, թե մենք որքանով կշահենք ու ինչ դիրքերում կհայտնվենք պրոցեսից հետո, գուցե արդեն մտահոգության առիթ հանդիսանա սահմանազատված ու սահմանագծված տարածքների հարցը։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ, ով մանրամասնորեն բացատրել է, թե որ թվականի քարտեզներով մեզ ինչ է սպասվում։

«Անկախ Հայաստանի ղեկավարությունները 2010 թ․-ին վարչական ներքին բաժանումների անվան տակ սահմանները վավերացրել են, բայց այդ ներքինների մեջ առկա են նաեւ սահմանապահ մարզերի եւ այդ վարչական շրջանների քարտեզները։ Հետեւաբար, մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ եթե ուզում ենք սահմանագծում եւ սահմանազատում անել, ուրեմն եղածը խնդրո առարկա է։ Եղածը մենք ճիշտ չենք գտնում, քանի որ ժամանակին մեր հողամասերից ավելի քան 1500 ք/կմ վերցվել տրվել է հարեւան երկրին` առանց որեւէ օրենքի պայմանի եւ հիմնական պետական որոշումներ ունենալու, որոշ տեղեր էլ նույնիսկ մարդկային իրավունքները չեն հարգվել` այսինչ գյուղի տարածքը տվել են դիմացինին, առանց գյուղացիներին տեղյակ պահելու, եւ այլն։ Հետեւաբար, երբ որ սահմանագծում սկսվի, մենք պետք է առաջին հերթին սկսենք այն սահմաններից, ինչն ունենք, եւ հետո սկսենք տեսնել, թե որտեղ խնդիրներ կան, որոնք պիտի լուծվեն։

Առկա են 1926 թվին տպված խորհրդային քարտեզներ՝ խորհրդային հանրագիտարանում, որոնք հիմնված են զինվորական քարտեզների վրա։ Դրանց վրա, օրինակ, ադրբեջանական անկլավ Հայաստանում գոյություն չունի։ Ալ լճերի տարածքով այսօր մեր լճերից վերցվել տրվել են Ադրբեջանին, բոլորը Հայաստանի տարածքում են գտնվում։ Արծվաշենն անկլավ չէ, այն Հայաստանի մեջ է, եւ նման այլ տարածքներ Սյունիքում, Տավուշում, որոնք մեր տարածքներն են, հետո տրվել են Ադրբեջանին։ Դրանք 1926 թվականի քարտեզներն են, որոնք ունի Խորհրդային Միության ԳՇ-ն, եւ պահվում են Մոսկվայում։ Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անպայման պետք է ներկա գտնվի սահմանագծմանն ու սահմանազատմանը, քանի որ Մոսկվան ունի քարտեզներ, որոնք ուրիշները չունեն։ Մենք ունենք բոլոր քարտեզները` 1929 թվականից հետո մինչ այսօր, միակ քարտեզը, որը մենք չունենք, 1920-ական թվականների առաջին կեսին պատրաստված քարտեզներն են, որոնք 1926 թ․ իրենք հրապարակել են մեկ օրինակով։ Մենք պետք է պահանջենք, որ հիմքը դնեն 1920-ական թթ․ քարտեզների վրա, որով ծնվել է Հայաստանի Հանրապետությունը։

— Այդ դեպքում Ադրբեջանին ձեռնտու չէ՞ այս քարտեզները չհրապարակայնացելը։

— Այո՛, ու, հավանաբար, դրա համար էլ մինչ օրս չեն հրապարակում քարտեզները, չգիտեմ՝ Ադրբեջանն ունի-չունի քարտեզները, բայց կարծում եմ` չի ունենա, հավանաբար, Մոսկվան ոչ մեկին էլ չի տվել։

— Ո՞րն է Ռուսաստանի հետապնդած շահը, որ այդ քարտեզները չեն հրապարակվում։

— Ես չգիտեմ, թե ինչ շահ է հետապնդում, ես 3-4 տարի է՝ նամակներ եմ գրում, հայտարարություններ եմ անում, որ իշխանությունները պետք է այդ քարտեզների օրինակները պահանջեն Մոսկվայից, քանի որ մեր սահմանների քարտեզներն են դրանք։ Կա՛մ որեւէ բան չի արվել, կա՛մ էլ արվել է, բայց ոչ մի տեղ չի հասել։

— Եթե, օրինակ, 1920-ականների քարտեզով տեղի ունենան սահմանագծումն ու սահմանազատումը, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն մեր սահմանամերձ գյուղերը։

— Մեր սահմանի գյուղերը խնդրի առաջ չեն կանգնի, մենք հիմնականում կունենանք ավելի շահավետ վիճակ, օրինակ՝ Ալ լճերը կլինեն մերը, ինչպես որ էին։ Շուռնուխի ճանապարհը, որն այսօր մտնում է Ադրբեջանի տարածք ու դուրս է գալիս, այդ տարածքը Հայաստանին էր պատկանում 1920-ական թվականների սկզբին, հետո տրվեց Ադրբեջանին: Նույնը՝ Տավուշում, եթե սահմանագիծը նայենք` անցնում է գետի երկայնքով, հետո Ադրբեջանին տրվել է 2 սեպաձեւ տարածք` Հայաստանից, երկրի հարավում, որով Ադրբեջանի հողամասը մտել է Հայաստան եւ հատում է մեր Նոյեմբերյան-Թիֆլիս գնացող ճանապարհները։ Եվ այստեղ մեր ճանապարհը պարտավորված մտնում է Ադրբեջան` դուրս է գալիս։ Խորհրդային Միությունը դիտմամբ քարտեզներն էդպես է գծել, որ խնդրո առարկա դարձնեն, որպեսզի իրենք կարողանան վերահսկել, իսկ, օրինակ, մեր տարածքներից անկլավներ են տրվել Ադրբեջանին, որոնք երկուսը գտնվում են մեր մայրուղիների վրա: Ի՞նչ պատճառով կարելի է մի երկրի մայրուղու հսկողությունը տալ մեկ այլ երկրի։ Խոսքը, առաջինը, Տիգրանաշենի մասին է, Տիգրանաշենը «նստած» է Արարատյան դաշտի՝ Երասխից դեպի հյուսիս բարձրացող ճանապարհի վրա, եթե դա Ադրբեջանինն է, ապա Ադրբեջանը կարող է փակել ճանապարհը, եւ մեր մեծ ավտոբուսներն ու բեռնատարներն այլեւս ճանապարհ չեն ունենա դեպի Սյունիք, Արցախ, Պարսկաստան, կփակվի ճանապարհը։ Այդ շրջանում ադրբեջանցի չի ապրել, եւ մինչեւ 1938 թիվն այն պատկանել է Հայաստանին,1938 թվից հետո, ինչ-որ պատճառներով, որպես անկլավ, տրվել են Ադրբեջանին, նպատակ են ունեցել հայկական մայրուղիները դնել ադրբեջանական վերահսկողության տակ։

— Իսկ ի՞նչ ճակատագիր կունենա Ոսկեպարը, որը նաեւ կապում է Նոյեմբերյան-Իջեւան ավտոմոբիլային ճանապարհը։

— Եթե անցնենք 1970-ականների սահմաններին, այդ ճանապարհը կլինի Ադրբեջանինը, որը մեզ համար օգտագործելի չի լինի, բայց եթե գնանք 1920, 1923 թթ․ քարտեզներին` այդ ճանապարհը Հայաստանով է անցնում, էդտեղ երկու ավելորդ հողամաս տրվել է Ադրբեջանին, որպեսզի կտրի մեր ճանապարհները։ 1970-ական թվականների քարտեզները մեզ ոչ մի առավելություն չեն տալիս, դրանով մենք պետք է անկլավները տանք Ադրբեջանին։

— Դուք այսքան ինֆորմացիայի եք տիրապետում, Ձեզ իշխանությունները հրավիրել են, որեւէ քննարկում եղե՞լ է Ձեր մասնակցությամբ։

— Մեկ անգամ փոքր հանդիպում եղավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, 7-8 քարտեզագետի մասնակցությամբ, բայց որեւէ էական բան չտվեց այդ հանդիպումը։

Մերի Մանուկյան»