ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն դատապարտող հայտարարություն ընդունի «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ

News.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի աջակցի այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» դատապարտման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Ադրբեջանի եւ Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացման հետ կապված ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»,- ասվում է հայտարարության նախագծում։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումը երկու անգամ հայտնել է դեռեւս 2021 թվականի հունիսին։ «Հունիսի 15-ին եւ 17-ին տարածած հայտարարություններում ԱԳՆ-ն նշում է գրեթե բոլոր թեզերը, որոնք արտացոլված են ընդդիմության նախաձեռնած հայտարարության նախագծում»,- ասաց Արսենյանը։ Միաժամանակ նա նկատեց, որ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ խորհրդարանը պետք է միասնական դիրքորոշում զբաղեցնեն։

«Բացի այդ, Հայաստանի կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագրում իշխանությունը հռչակել է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության քաղաքականություն։ Ուստի ցանկացած գործողություն եւ հայտարարություն պետք է ուղղված լինի երկրի զարգացմանը նպաստող խաղաղ օրակարգ ապահովելուն»,- հավելեց Արսենյանը՝ չբացատրելով, թե ինչպես է իրականացվելու «երկարաժամկետ խաղաղության քաղաքականությունը» Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության եւ գործողությունների պայմաններում։

Արսենյանը ողջունեց «Հայաստան» խմբակցության վերջին որոշումը՝ վերսկսելու իր մասնակցությունը միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին։

Իր հերթին, հայտարարության նախագծի հեղինակ Անդրանիկ Թեւանյանը կրկին հայտարարեց, որ դրա ընդունումը կամրապնդի անվտանգության հարցերում երկրի համար գոյություն ունեցող «կարմիր գծերը», որոնցից հանրապետությունը մտադիր չէ շեղվել։ Նա, մասնավորապես, հայտարարեց, որ Բաքվի եւ Անկարայի ստորագրած եւ վավերացված հռչակագիրը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաեւ համատեղ էքսպանսիոնիստական ծրագրերի ամրապնդում է։

«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական միությունը սպառնալիք է դարձել Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, գոյության համար»,- ընդգծեց Թեւանյանը։

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանը պարտավոր է արձագանքել այս հռչակագրի վավերացմանը։ «Խորհրդարանի արձագանքը կնշանակի, որ մենք ընդունում ենք Հայաստանին նետված մարտահրավերը, որ անվտանգության հարցերում ունենք մեր «կարմիր գծերը» եւ չենք պատրաստվում շեղվել դրանցից»,- ասաց պատգամավորը։

«Այս հռչակագիրը, ըստ էության, փաստաթուղթ է՝ ուղղված Հայաստանի անկախության հռչակագրի դեմ»,- նշեց Թեւանյանը։