«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԾԱԽՎԵ՞Ց, ԹԵ՞ ՎԱԽԵՑԱՎ
Hraparak.am-ը գրում է.
«Մի գիժ մի քար գցեց՝ հազար խելոք չկարողացան հանել՝ շատ կենսունակ եւ արդիական ասացվածք է։ Ամեն իրավիճակում կիրառելի ու ամեն ինչ բացատրող։
Ո՞վ կարող է խելամտության, այլ ոչ թե դավադրությունների տեսությունների եւ հիվանդագին մտահանգումների տեսնակյունից բացատրել, թե ինչու ընդդիմությունը չմասնակցեց ՀՀ նախագահի ընտրության գործընթացին։ Փաստարկները նորից չկրկնենք, ուղղակի նկարագրենք, թե ինչ կարող է տեղի ունեցած լինել։ Արմեն Սարգսյանի հրաժարականին հաջորդած առաջին օրերին ընդդիմությունից մեկ կամ մի քանի «խելոք» ինչ-ինչ նկատառումներից ելնելով որոշեցին տապալել այս գործընթացը եւ մի հսկա թիմի խելքը կերան ու իրենց ծրագիրը պարտադրեցին։ Մի գիժ մի քար գցեց՝ հազար խելոք չկարողացան հանել։ Իհարկե, կարող է մի օր բացահայտվեն այդ մեկի կամ մի քանիսի «դրդապատճառները», բայց այսօր արդեն գնացքը գնացել է եւ նրանք իրենց սեւ գործն արեցին։
Իսկ ի՞նչը ստիպեց, որ ընդդիմությունը չմասնակցի նաեւ ՔՊ-ական թեկնածուի ընտրության պրոցեսին։ Ինչո՞ւ են, ասենք, մասնակցում կառավարություն- ԱԺ հարցուպատասխանին եւ հարցեր ուղղում Նիկոլ Փաշինյանին, մասնակցում օրենքների քննարկումներին, հարցեր տալիս ներկայացնողներին։ Ոչ ոք չի կարող հոդաբաշխ բացատրություն տալ այս ամենին։ Ոմանք կարծում են, թե սա ընդդիմության եւ հատկապես՝ «Հայաստան» դաշինքի անմեղսունակության կամ ծախվածության վառ ապացույցն է։ Մենք այդքան միանշանակ չէինք լինի, բայց ոչ մի բացատրություն չունի Վահագն Խաչատրյանի ընտրությանը չմասնակցելու՝ հարցեր չտալու, ելույթներ չունենալու որոշումը։
Դա կարող էր առաջարկել բացառապես Նիկոլ Փաշինյանի թիմին սերտ առնչություններ ունեցող, ինչ որ թաքուն պայմանավորվածությունների գնացած անձը, կամ՝ Վահագն Խաչատրյանի մտերիմը, կամ՝ քեշ փողով կաշառված մեկը։ Բայց ոչ մի նորմալ, անկախ եւ առողջ ընդդիմադիր չէր կարող նման բան առաջարկել եւ ոչ մի առողջ ու ադեկվատ խմբակցություն չէր կարող սրան կողմ լինել ու այս ծրագրով առաջնորդվել։
Բնական է, որ նման որոշումն առանց Ռոբերտ Քոչարյանի չի կայացվել։ Մենք կարող էինք կասկածել, որ նա գործարքի է գնացել իշխանությունների հետ, կամ՝ վախեցել է, կամ՝ Վահագն Խաչատրյանն է անձնապես իրեն դիմել՝ խնդրանքով եւ նա չի կարողացել մերժել, կամ՝ ծերացել է, հոգնել է պայքարից եւ այլն, եւ այլն։ Տարբերակներն ինքներդ կարող եք առաջարկել։ Բայց որ խելացի, պայքարող, ապագայի ծրագրեր ունեցող, իշխանափոխության ձգտող ընդդիմության առաջնորդը չէր կարող նման բան որոշել՝ փաստ է։»
