04․03․2022․Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ամփոփ. «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ օրվա կարևոր իրադարձությունները:
Բանակցային գործընթաց
- Բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը, հայտարարել է, որ Կիևի ընթացիկ պահանջները հետևյալն են՝ հրադադար, հումանիտար միջանցքներ քաղաքներից բնակիչներին դուրս բերելու համար:
- ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններն ավարտվել են։ Պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության մասին։ Կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ ռաունդում առաջիկա ժամկետներում։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ չի ստացել այն արդյունքները, որոնց համար նախապես հույս ուներ ստանալու։ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը կրկին տեղի կունենա Բելառուսում հաջորդ շաբաթվա սկզբին։ Հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։
Ներքաղաքական իրադրություն
- Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն անուղղակիորեն հաստատել է Լուգանսկի մարզի Կրեմեննայա քաղաքի քաղաքապետի սպանությունը՝ նրան անվանելով «դավաճան»։ Գերաշչենկոյի խոսքով՝ քաղաքապետը սպանվել է «անհայտ հայրենասերների կողմից սրտին ուղղված կրակոցով»։
- Ուկրաինական բոլոր ատոմակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով, անվտանգ շահագործման պայմանների խախտումներ չկան, հայտնել է «Էներգոատոմ» կառավարող ընկերությունը: Հաղորդվում է նաև, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ում փետրվարի 24-ից միջուկային նյութերի հետ կապված ոչ մի գործողություն չի իրականացվել:
- Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության անցկացման գոտիներից տարհանվել է ավելի քան 142,5 հազար մարդ, որոնցից 39 661-ը երեխաներ են, իսկ մեկ օրում տարհանվել է 5.486 մարդ, որոնցից 917-ը երեխաներ են: ՌԴ պետական սահմանը հատել է 15 246 ավտոմեքենա, որից 738-ը՝ մեկ օրում։ Հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
- Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել ուկրաինական Մելիտոպոլ։
- Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները հաստատել են Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը համընդհանուր զորահավաք անցկացնելու մասին։ Խորհրդարանը նաև հավանության է արժանացրել ՄԱԿ-ին՝ Ուկրաինայի դիմելու և խաղաղապահներ տեղակայելու խնդրանքը:
- Զանգվածային հաքերային հարձակում է տեղի ունեցել Ուկրաինայի կառավարության ռեսուրսների վրա։ Կոտրվել են Ուկրաինայի իշխանության մարմինների բոլոր 755 կայքերը, երկրի ողջ կառավարական ինտերնետ ռեսուրսները դադարել են աշխատել:
Արտաքին քաղաքական իրադրություն
- Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ պատժամիջոցներ չեն կիրառի Ռուսաստանի դեմ, Եվրոպան պետք է զարգացնի սեփական պաշտպանական արդյունաբերությունը, այլ ոչ թե հույսը դնի ԱՄՆ-ի վրա։ Բացի այդ նա նաև հայտարարել է, իր պատրաստակամության մասին օգնել Ուկրաինային Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու հարցում։
- Ղազախստանի ԱԳՆ-ն հրաժարվել է դիրքորոշում հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության հարցում՝ բացատրելով, որ երկիրը «շատ լավ հարաբերություններ» ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ:
- Շվեդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների խումբը ՝ Սու-27 կործանիչի և Սու-24Մ ճակատային երկու ռմբակոծիչների կազմով, ներխուժել է Բալթիկ ծովի Գոտլանդ կղզուց արևելք գտնվող երկրի օդային տարածք:
- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մինսկին համարել է ռուսական ռազմական գործողության «հանցակից» և խոստացել ավելի մեծ պատժամիջոցներ:
- Իսկ Պենտագոնը իր հերթին հայտարարել է. «Միացյալ Նահանգները նշաններ չեն տեսնում, որ Բելառուսի զինված ուժերը պատրաստվում են մասնակցել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը»։
- ՌԴ Պետդումայում օրինագիծ է ներկայացվել որոշ երկրների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողություններից ռուսներին պաշտպանելու մասին: Ըստ այդ օրինագծի ժամանակավորապես կդադարեցվի վարկային աջակցությունը մինչև սեպտեմբերի 30-ը 2022թ.։
- ԱՄՆ-ը մտադիր չէ թռիչքազերծ գոտի մտցնել Ուկրաինայի օդային տարածքում։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հերթական անգամ հայտնել է, որ դա կհանգեցնի ՌԴ-ի հետ բախումների:
- Հնդկաստանը «C-17A Globemaster III» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ուղարկել Բուխարեստ՝ Ուկրաինայից տարհանված իր քաղաքացիներին դուրս բերելու համար:
- Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Ռուսաստանը։
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Ս-300 զենիթահրթիռային համալիրով խոցել են ռուսական Սու-30ՍՄ կործանիչ Իրպենի շրջանում:
- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Վստահ եմ, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի լուծումը կգտնվի, Ռուսաստանի պայմանները նվազագույնն են։ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Ուկրաինայի տարածքից անմիջական հարձակման վտանգ լինի։ Արևմուտքը չի կարող Ռուսաստանի օգտին որոշել, թե ինչ է անհրաժեշտ նրա անվտանգության համար»։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղ պայմանավորվածությունները պարտադիր պետք է ներառեն Մոսկվային սպառնացող սպառազինությունների ոչնչացման կետը։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիր են մեկնում 16 հազար օտարերկրացի վարձկաններ՝ Կիևի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար: Զելենսկու խոսքով՝ օտարերկրյա գործընկերները զենքի ամենօրյա մատակարարումներ են իրականացնում։
- Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարումը. «Թող տիեզերք թռչեն իրենց ցախավելներով»,- ասել է նա և հավելել, որ պատժամիջոցների ֆոնին ռուսական տիեզերական ծրագիրը կկարգավորվի, առաջնահերթություն կդառնա պաշտպանության շահերից բխող արբանյակների ստեղծումը:
- Մեծ Բրիտանիան դիմել է ՌԴ ՊՆ-ին 10 բրիտանացի քաղաքացիների Կիևից և Մարիուպոլից տարհանելու խնդրանքով։
- Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ «Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանը կռվում է հենց նեոնացիստների դեմ։ Զոհվածների ընտանիքներին միանվագ նպաստ կվճարեն՝ 7 421 000 ռուբլի, իսկ վիրավորված զինծառայողներին կսահմանվի 3-ական միլիոն ռուբլի լրացուցիչ վճարում։ Կան օբյեկտիվ տվյալներ Ուկրաինայում ազգայնականների և ավազակների կողմից բնակելի տների շրջանում ծանր տեխնիկայի տեղակայման մասին։ Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, բոլոր առաջադրված խնդիրները լուծվում են»։ Նիստի փակ հատվածում զեկույցով է հանդես եկել Սերգեյ Շոյգուն։
- ԱՄՆ-ը դիտարկում է Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ռուսական սպառազինությունների գնման պատճառով։ Հայնտում է ԱՄՆ Պետդեպը։
- ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ուկրաինայում աշխատանքներ են տարվել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ը տեղյակ է եղել և օգնության պատրաստակամություն է հայտնել։
- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը: Հայտնել է, որ բարձրացնելու է Ուկրաինայի երկինքը փակելու հարցը։
- Պենտագոնում չեն հաստատել Ուկրաինայում գործողության ընթացքում ռուսական զորքերի կողմից թերմոբարիկ զինամթերքի կիրառման ոչ մի դեպք: Ինչպես նաև կարծում են, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածք է մտցրել նախապես պատրաստված ստորաբաժանումների ավելի քան 90%-ը։ Ըստ ամերիկյան հետախուզության, Ուկրաինան դեռ ունի համեմատաբար կենսունակ ՀՕՊ համակարգ։ Պենտագոնում նաև նշել են, որ ՌԴ ԶՈՒ-ն վերջին ժամանակներս Սև ծովում նավերից թևավոր հրթիռներ չի արձակել: 480 հրթիռային հարվածներից մոտ 230-ը, արձակվել է բջջային գործարկման սարքերի միջոցով։
- Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտնել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն է փոխանցում իրական ժամանակում: Դրանք ստանում են, ոչ միայն արբանյակներից, այլ նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության, մարտական կառավարման և թիրախավորման ինքնաթիռների միջոցով, ինչպես նաև RQ-4A Global Hawk ԱԹՍ-ի միջոցով, որոնք մշտապես գտնվում են սահմանին:
- ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահպանում է վերահսկողությունը երկրի զինված ուժերի նկատմամբ, սակայն վախենում են նրա անվտանգության համար։ Հաղորդում է Պենտագոնի ներկայացուցիչը:
- Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար։ Հայտարարել է Մակրոնը։
- ԱՄՆ-ը չի տեսնում ՄԱԿ անվտանգության խորհրդի կազմից Ռուսաստանին հեռացնելու հնարավորությունը ՝ անկախ Ուկրաինայի կոչերից։
- Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային Bayraktar ԱԹՍ-ներ չեն փոխանցել որպես օգնություն, դրանք Ուկրաինան գնել է մասնավոր ընկերությունից։
Ռազմական իրադրություն
- Իսպանիան հայտարարել է 1370 նռնականետ, գնդացիրներ և 700 հազար փամփուշտ Ուկրաինա ուղարկելու մասին։
- ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներից կտուժի համաշխարհային տնտեսությունը։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
- Չերնիգովում նավթաբազա է այրվում։ Առավոտյան «Աստրա կոմբինատ»-ի տարածքը արկակոծելու ժամանակ հարված է տեղի ունեցել նավթաբազայի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել 3 հազար խմ ընդհանուր տարողությամբ պահեստավորված նավթամթերք է այրվում։
- Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Օդեսայի ուղղությամբ տեղաշարժվում է դեսանտային ջոկատ՝ 4 մեծ դեսանտային նավ և 3 հրթիռային նավ։
- ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հնարավոր է համարել թիրախային հարվածներ հասցնել ուկրաինացի զինվորականների դիրքերին Մարիուպոլում, եթե նրանք վայր չդնեն զենքերը:
- ԱՄՆ գեներալ Մարկ Միլլին փետրվարի 2-3-ին Կոնգրեսում գաղտնի ճեպազրույցների ժամանակ ենթադրել է, որ Ռուսաստանի ներխուժման դեպքում Կիևը 72 ժամում կընկնի 4000 Ռուս զինվորականների և 15000 ուկրաինացիների զոհվելու գնով:
- Գերմանիան մեծացնում է զենքի մատակարարումը Կիևին։ Բեռլինը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել 2.700 շարժական «Ստրելա» զենիթահրթիռային համալիրներ, որոնց հետ ուկրաինացի ուժայինները ծանոթ են և որոնց կիրառումը լրացուցիչ ուսուցանելու կարիք չունի:
- Մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածի հետևանքով շարքից դուրս է եկել Կիևի Լիսայա Գորա շրջանում ռեզերվային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը, որն օգտագործվել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի դեմ հոգեբանական գործողությունների համար: Բնակելի տների ավերածություններ և զոհեր չկան։ Հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական զինված ուժերի հսկողության տակ են անցել Չիստոպոլիե, Նովոպոլտավկա, Ժովտնևոյ բնակավայրերը։ Ըստ գերատեչության, խաղաղ բնակիչները կարող են անվտանգ կերպով լքել Դոնեցկի Բորոդյանկա բնակավայրը Բերեստանկայի ուղղությամբ առանձնացված միջանցքի միջոցով:
- Ուկրաինայի Բուչա քաղաքում ուժեղ մարտեր են ընթանում, այն ձեռքից ձեռք է անցնում։ Ռուսական զորքերը Բուչան վերահսկողության տակ վերցնելու խնդիր են լուծում։
- Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ավիացիան արդեն աշխատում է Օդեսայի սևծովյան հատվածում։
- ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ արևմտյան երկրներն ավելացրել են ռազմական գործողությունների շրջաններ մասնավոր ռազմական ընկերությունների պայմանագրային զինծառայողների ուղարկումը։ Օտարերկրյա վարձկանները դիվերսիաներ և հարձակումներ են կատարում ռուսական տեխնիկայի շարասյուների վրա Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքի կիրառմամբ։ ԱՄՆ-ի ռազմական հետախուզությունը լայնածավալ քարոզչական արշավ է սկսել մասնավոր զինվորական ընկերությունների պայմանագրային զինծառայողների հավաքագրման ուղղությամբ։ Առաջին հերթին հավաքագրվում են ամերիկյան «Ակադեմիա», «Քյուբիկ» և «Դին Քորփորեյշն» ընկերություններից։ Գերատեսչությունը նաև նշել է, որ բոլոր արևմտյան վարձկանները, որոնք կժամանեն Ուկրաինա, ռազմագերու կարգավիճակի իրավունք չեն ունենա։
- Ռամզան Քադիրովը 500 հազար դոլար պարգև է սահմանել ուկրաինական ազգայնական կազմավորումների հրամանատարների գլուխների համար:
- Էներգոդարում, որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը, մարտեր են ընթանում։ Ամենայն հավանականությամբ ռուսական զինուժը նպատակ ունի իր վերահսկողության տակ վերցնել նաև այդ ատոմակայանը։ Նշենք, որ Չերնոբիլի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական վերահսկողության և պաշտպանության ներքո։
- Ուկրաինայի հարցով միջադեպերի կանխման նպատակով ամերիկացի զինվորականները խողովակներ կստեղծեն ռուս գործընկերների հետ։ Նշենք, որ նմանատիպ համակարգ արդեն գործում է Սիրիայում։
Միջազգային մամուլ
- «The Washington Post» պարբերականը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32,5 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային աջակցելու համար։
- «Bloomberg»-ը գրում է, թե Բայդենը վաղը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել մի շարք «ռուս օլիգարխների» և նրանց ընտանիքների դեմ, այդ թվում կարգելվի մուտքը ԱՄՆ։
- Ամերիկյան «Forbs»-ը գրում է. «Պուտինը հակամարտություն է ցանել Ուկրաինայում, իսկ հիմա քաղում է դրա դառը պտուղները»։
- Չինական «Խուանցիու Շաբաո» (環球時報) պարբերականը գրում է, թե այն, որ Արևմուտքը ցանկացել է «կաթվածահար անել և ոչնչացնել» ռուսական տնտեսությունը՝ նոր պատժամիջոցներ սահմանելով, հազիվ թե դա ստացվի։ Ռուսաստանը չի վախենում, քանի որ նրա մոտ վաղուց արդեն եղել է մշակված պլան։
- Մեքսիկական «La Jornada» պարբերականը գրել է, թե պանդեմիան և Ուկրաինան արագացնում են ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի մայրամուտը։
- «The National Interest» թերթը գրել է, որ Ռուսաստանին Դոնբասում հատուկ գործողություն իրականացնելուն դրդել է Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականությունը: Այն ինչը Վաշինգտոնն անում է նաև Թայվանի հարցում։ Նրա ագրեսիվ քաղաքականությունը Հեռավոր Արևելքում կարող է ստիպել Չինաստանին պաշտպանել իր շահերը Ռուսաստանի օրինակով։
- «The Economist»-ը գրել է, թե ռուբլու արժեզրկումը խորացնում է Ռուսաստանի մեկուսացումը։
- «Haló noviny» չեխական պարբերականը գրել է, որ Չեխիան, ինչպես և մյուս երկրները, կեղծավոր հայտարարություններ է անում Ուկրաինային աջակցելու մասին, բայց իրականում Արևմուտքը դավաճանել է նրան: Նա խաբեությամբ Կիևին ՆԱՏՕ-ով հրապուրեց՝ դարձնելով Ռուսաստանի թշնամի, իսկ երբ ճգնաժամը սրվեց, երես թեքեցին Ուկրաինայից։
