Ինչու Սիմոն Զաքյանը թույլ չտվեց ռեկորդակիր Համբարձումյանին մեկնել ռազմաճակատ

Աղբյուր՝ Iravunk.com

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի նախաձեռնությամբ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի օրը հարգանքի տուրք մատուցվեց հայկական դիվիզիայի լեգենդար հրամանատար, խորհրդային բանակի գնդապետ Սիմոն Զաքյանի շիրիմի առաջ, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Արարողությանը ներկա էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Սիմոն Զաքյանի ժառանգներն ու հարազատները:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

Լեգենդար հրամանատարի թոռը՝ Արամ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց Հայկ Բաբուխանյանին եւ Վահան Բաբայանին՝ իրենց ներկայության եւ նման ուշադրության համար: Կարեւորելով նաեւ երիտասարդների ներկայությունը հիշատակի արարողությանը՝ հիշեցրեց, որ մորական պապը՝ Սիմոն Զաքյանը, ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, սովորել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եւ մարշալներ Բաղրամյանի ու Ժուկովի հետ միասին եղել են Հայկ Բժշկյանի շրջանավարտները: Ավարտելուց հետո՝ 1934 թ.-ին, ուսանել է Ուկրաինական ռազմական օկրուգում, ապա 1935 թվականից տեղափոխվել Անդրկովկասյան ռազմական օկրուգ: Եղել է լեռնահրաձգային գնդի, հետո՝ 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատարը: Իսկ 1941 թվականի օգոստոսին Զաքյանի գունդը ռազմական անհրաժեշտությամբ Իրանի տարածք մտած զորքերի կազմում էր: Նա եղել է նաեւ 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը: Արդեն 1942 թվականի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար եւ մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում: Երկու օրում նրանք ջախջախել են գերմանական 22-րդ տանկային դիվիզիան: Եվ նա զոհվել է անհավասար մարտում ստացած ծանր վերքերից՝ 43 տարեկանը դեռ չբոլորած, ու հուղարկավորվել Երեւանի մանկական զբոսայգում:

Արարարողության ավարտին ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Ա. Արզումանյանին նվիրեց «Հայերը Ղրիմի պատերազմում» գիրքը, որտեղ անդրադարձ կա նաեւ լուսահոգի պապին՝ Սիմոն Զաքյանին:

«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՆՔ ՖԱՇԻԶՄԻՑ»

«Իրավունքի» հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ կարեւորեց անուն առ անուն հիշելն այն մարդկանց, ովքեր մեծ գործ են արել մեր երկրի եւ հայության համար եւ որոնց անուններն ամբողջ աշխարհով հայտնի է:

«Ցավոք, այսօր երիտասարդության մեջ բավականին մեծ հատված մոռացության են մատնում մեր հերոսներին: Ե՛վ պետական մակարդակով, ե՛ւ հասարակական մարդիկ բարձրանում են «Հաղթանակի» զբոսայգի, ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ, բայց Սիմոն Զաքյանի շիրիմին գրեթե մարդ չի այցելում: Սա շատ սխալ եւ ոչ ճիշտ մոտեցում է: Եվ մայիսի 9-ին մեր կուսակցության կողմից իրականացվեց այս  խորհրդանշական արարողությունն՝ ի նշան նրա, որ մեր սերունդները պարտավոր են հիշել ու հարգել այն հերոսներին, ում շնորհիվ եղավ մեծ հաղթանակ: Եթե չհիշենք մեր հերոսներին, վաղը չենք ունենա ապագա եւ որեւէ հաղթանակ», — ասաց Վ. Բաբայանը:

Անդրադառնալով վերջերս Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությանը, որտեղ կողմերը մտադրություն էին հայտնել միասնաբար պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահն ընդգծեց. «Այս արարողությունը եւս լավագույն օրինակ է, թե ինչպես պետք է պայքարել պատմության վերաձեւման եւ կեղծման դեմ եւ ցույց տալ աշխարհին, որ հիշում ենք մեր հերոսներին եւ ի զորու ենք պաշտպանել նրանց հիշատակը:  Այսօր ֆաշիզմը գլուխ է բարձրացրել ամբողջ աշխարհում, եւ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանին հեռու պահենք դրանից: Ինքս տեսնում եմ, որ այսօր առավել եւս այդ վտանգը կա»:

«ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ԳՆԱԼ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ»

Զաքյանի թոռը՝ Ռեֆորմիստների կուսակցության անդամ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ցավով ու հպարտությամբ՝ մեզ հետ զրույցում ասաց, որ  թեպետ Սիմոն պապը՝ իր արյունակիցը,  կարճ կյանք է ունեցել, բայց այն եղել է բովանդակալից եւ հերոսական:

«Սիմոն Զաքյանի մասին շատ հետաքրքիր իրադարձություններ կան, որոնք կարելի է անընդհատ պատմել: Նա խիզախ է եղել ու հայրենասեր: Օրինակ, թույլ չի տվել, որ  հանրահայտ հայ ծանրամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1933-1935), աշխարհի եւ 30 անգամ ԽՍՀՄ ռեկորդակիր Սերգո Համբարձումյանը գնա ռազմաճակատ: Հայրենական մեծ պատերազմի սկզբում, երբ Սերգո Համբարձումյանը զինվորագրվում է Թամանյան դիվիզիային, ռազմաճակատ մեկնելու ճանապարհին նրան նկատում է դիվիզիայի հրամանատար Ս. Զաքյանը, ով ճանաչելով իր նշանավոր հայրենակցին՝ հետ է ուղարկում նրան: Նա  համարում էր, որ նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ եւ բացի Սերգո Համբարձումյանից՝ մոտ 400-500 հոգի մեր ազգի սերուցքը ներկայացնող տաղանդներին՝ լինեին գիտնական, բժիշկ, գրող, թե՝ զինվորական, թույլ չի տվել, որ գնան ռազմաճակատ եւ զոհվեն: Կենտկոմում պաշտպանության բաժնի վարիչը Աշոտ Մկրտչյանն է եղել, որը Սիմոն Գեւորգիչին ասել է, թե «ինչո՞ւ եք ազատում ռազմաճակատ մեկնելուց այդքան մարդկանց: Թող գնան, մայրերը նորից այդպիսի զավակներ կծնեն»: Բայց Սիմոն Զաքյանը հակադարձել է՝ պնդելով, որ «այդ մարդիկ յուրահատուկ են, եւ մենք իրավունք չունենք նրանց ուղարկել ռազմաճակատ»: Միայն այս մի դրվագով հասկանալի է, թե որքան իր ազգի նվիրյալն է եղել Սիմոն Զաքյանը», — ասաց Ա. Արզումանյանը:

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՈԼՈՐԸ ՄԻ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԷԻՆ ԵՎ ԿՌՎՈՒՄ ԷԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻ ԳԱՂԱՓԱՐԻ» 

Զաքյանի թոռը ցավալիորեն նշեց, որ լեգենդար հրամանատարի հիշատակն այսօր պետական մակարդակով, ըստ արժանվույն, գնահատված չէ. «Շատերը չգիտեն, թե մենք ինչ հզոր հայեր ենք ունեցել, ինչը պետք է բարձրաձայնել: Ինչպե՞ս կարելի է այս մարդուն չհիշել, չեմ ասում բերեն պսակ դնեն, բայց պետք է նրա հիշատակը հարգել: Չէ որ նա մեր ապագայի, մեր երեխաների ու թոռների համար իր կյանքն է նվիրել, ինչն այսօր չի գնահատվում: Բայց մենք նրա հիշատակը միշտ վառ կպահենք: Քանի դեռ կանք, ուղղակի պարտավոր ենք այս մարդկանց չմոռանալ: Ոմանք ասում են, թե Սիմոն Զաքյանը ոչ թե հայերի, այլ ռուսների կողմից է եղել՝ մոռանալով, որ այն ժամանակ ապրում էինք մի ընտանիքում, որը կոչվում էր Սովետական միություն: Այն ժամանակ հայը չէր ասում, թե ես ուզբեկից, վրացուց կամ բելառուսցուց ավելի լավն եմ, բոլորը մի խրամատում էին եւ կռվում էին՝ հանուն մի գաղափարի: Իմ պապը նախեւառաջ մարտնչել է հանուն իր ազգի ու ընտանիքի»:

Ի դեպ, պարզվում է՝ Սիմոն Զաքյանի 4 երեխաներից ոչ մեկը չի գնացել զինվորական ճանապարհով: Նա ունեցել է մեկ որդի եւ երեք դուստր: Որդին բժիշկ է եղել, դուստրերը գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ: Պապի ուղիով որոշ ժամանակ գնացել է միայն թոռը՝ Ա. Արզումանյանը, ով համեստորեն ասաց, որ ինքն էլ է ուսադիրներ կրել:

ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐՎԵՑ ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Սիմոն Զաքյանի թոռը պատմեց նաեւ պապի կիսանդրու տեղադրման պատմությունը՝ նախ հիշեցնելով, որ 1942 թվականին Ստալինի հրամանով է լեգենդար հրամանատարի դին բերվել Հայաստան:

«Շատ երկար ժամանակ չի կարողացել ինքնաթիռն օդ բարձրանալ եւ դժվարությամբ են տեղափոխել Հայաստան: Հոգեհանգստի արարողությունը եղել է Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում եւ այնտեղից ոտքով բերել են Մանկական զբոսայգի, որտեղ էլ հուղարկավորված է: Տեւական ժամանակ արձան չի տեղադրվում, միայն չորս կողմից սեւ  ցանկապատ է լինում արված: Բայց հետո Երեւան է գալիս հայտնի եռակի հերոս մարշալ Գուդյոնին եւ ասում, որ իրեն տանեն Սիմոն Գեւորգիչի գերեզմանի մոտ: Եվ երբ տեսնում է, որ արձան չկա տեղադրված, անմիջապես իր պահանջով ՀԿԿ կենտկոմը որոշում է կայացնում կիսանդրի տեղադրելու մասին: Կարծում եմ՝ շատ հաջողված կիսանդրի է: Քանդակագործը ճանաչված եւ տաղանդավոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Հարությունյանն է», — նշեց Ա. Արզումանյանը:

Նշենք, որ Սիմոն Զաքյանի անվան փողոց կա ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Կերչում, որտեղ զոհվել է: Ընդ որում՝ Կերչում ոչ միայն փողոց կա նրա անունով, այլ նաեւ դպրոց: Լեգենդար հրամանատարի մասին մեծ արխիվ կա «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, որը պետք է ուսումնասիրել եւ փոխանցել սերնդեսերունդ:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ