Ինչպես է բարելավվել Արսեն Թորոսյանի կյանքը. արժեթղթեր, ներդրումներ, բանկային միջոցներ, «BMW» և հողամաս Ծաղկաձորում
Հայտարարատու պաշտոնատար անձինք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ներկայացնում են իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրեր, այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հայտարարագրերը:
Երբ Թորոսյանը նոր էր ստանձնում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, իր՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրում` հրապարակված 2018 թվականի մայիսի 12-ին, նա նշել էր, որ ունի անհատական բնակելի տուն` տնտեսական շինություններով, երկու մեքենա` «BMW 528« և «BMW X5 3.0 I» մակնիշի:

Թորոսյանի դրամական միջոցները կազմում էին՝ 21 հազար դոլար, 15 հազար եվրո և 1մլն 700 հազար դրամ: Տարվա համար Արսեն Թորոսյանի եկամուտները կազմել էին 7,418,497.00 դրամ, որոնք ստացվել էին աշխատավարձից և վարձատվության դիմաց ստացած վճարից:

Արսեն Թորոսյանի 2020 թվականի տարեկան հայտարարագրում ավելանում է՝ հողամաս Ծաղկաձորում` համատեղ սեփականությամբ, որի արժեքը 13,692,000 դրամ է:
Հայտարարագրում նշված է, որ Թորոսյանը մեքենա չունի, փոխարենը «Bank Austria»-ում ավելի քան 20 հազար եվրոյի չափով ներդրում ունի, իսկ տարվա սկզբին բանկում 32 հազար դոլար ավանդը տարվա վերջին զրոյացել է:


Տարեկան հայտարարագրում Արսեն Թորոսյանը ավելացրել է նաև բանկային հաշիվների մնացորդները` ավելի քան 10 հազար եվրո, ավելի քան 10 հազար դոլար և մոտ 3 միլիոն դրամ:

Իսկ 2021 թվականի պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում Թորոսյանը, ազատվելով առողջապահության նախարարի պաշտոնից և դառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար, հայտարարագրել է 2021 թվականին գնված՝ 2017 թվականի արտադրության «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա վերջին վաճառել է: 2020 թվականի հունվարին Թորոսյանը ավելի քան 20 հազար եվրոյի արժեթղթեր է գնել:

Հայտարարագրով Թորոսյանը որպես բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներ, նշել է` ավելի քան մեկ միլիոն դրամ, 12 հազար դոլար և ավելի քան 10 հազար եվրո:

Աղբյուր` AntiFake.am
