Կապիտուլյանտ իշխանության լկտի, ցինիկ արձագանքներից հետո էլ ո՞ւմն են պետք էդ մանդատները, Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.
«Ի սկզբանե ընդդիմության կողմից մանդատներ վերցնելը հիմնավորվում էր նրանով, որ այդ կերպ ամեն բան պետք է արվի, որ իշխանությունը օր ու արև չտեսնի ու հեռանա:
Այսինքն, բոլորիս համար ակնհայտ էր, որ այդ մանդատները ծառայելու են ռեժիմի հեռացման համար:
Հիմա որ ասում են, մանդատները ծառայելու են «առանց Նիկոլ Հայաստան» -ին հասնելու համար առնվազն տարակուսելի է:
Եթե դա այսպես կոչված իմպիչմենտն է, ապա ընդդիմության մանդատները չեն հերիքում, եթե դա սուր ելույթներն են և ճնշումը ԱԺ-ում, կարող ենք արձանագրել, որ դա անում են ընդամենը մի քանի պատգամավոր, մնացածը լուռ են: Եթե դա միջազգային հարթակն է, վստահ կարող եմ ասել, որ մանդատ չունեցող որոշ ընդդիմադիրներ առանց այդ մանդատի ավելի լուրջ հարցեր են լուծում արտաքին օրակարգում երկրի համար, քան մանդատ ունեցողները:
Լավ, էս կապիտուլյանտ իշխանության լկտի, ցինիկ արձագանքներից ու գնահատականներից, հետապնդումներից, ձերբակալություններից հետո, «մինչև հաղթանակ տուն չգնալու» ու էսքան ղալմաղալից հետո էլ ո՞ւմն են պետք էդ մանդատները:
Իրոք, արդեն, կարծում եմ, ժամանակն է գոնե մեկ տրամաբանական պատճառ ներկայացնել մարդկանց մանդատները պահելու մասին ինքնամոռաց ելույթներից հետո:»