ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի ընկեր-բարեկամները՝ ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում

2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օգնական (նաև սանիկ), այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանը ընկերներ են։

Ինչպես արդեն նշեցինք, մինչև տնօրենի պարտականությունները ստանձնելը Արմեն Հովհաննիսյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Փոխտնօրեն նշանակվելուն զուգահեռ ՊՈԱԿ-ի «գործերին» ակտիվ մասնակցություն է սկսել ունենալ այդ ժամանակ դեռևս նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Դրա մասին են փաստում միասին կատարած մարզային այցելությունները, ներկայությունը ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացմանը, նրա հաճախակի այցելությունները ՊՈԱԿ-ի  վարչական շենք: Հասկանալի է, որ ԿԳՄՍ նախարարի օգնականի լիազորություններից կարող է լինել այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը հետևելը, սակայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ Դավիթ Դանիելյանը շարունակում է միջամտել ՊՈԱԿ-ի գործերին, հատկապես՝ կադրային տեղաշարժերին, որոնք մեկնարկեցին Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Դանիելյանի և Հովհաննիսյանի ծանոթ-բարեկամները տարբեր պաշտոնների նշանակվեցին ՊՈԱԿ-ում։

«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամբողջ հաստիքացուցակը՝ ներառյալ վարչական անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ծառայությունների։ Մեր գրությունը վերահասցեավորվել էր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին, որն էլ հրաժարվել է տրամադրել հաստիքացուցակը՝ պատճառաբանելով, թե դրանցում կարող են լինել «անձնի ինքնությունն ուղղակի կամ աննուղղակի կերպով նույնականացնելու հնարավորություն տվող տվյալներ» (մեջբերում հարցման պատասխանից)։ Հաստիքացուցակի վերաբերյալ հարցման պատասխանում միայն նշված էր, որ ՊՈԱԿ-ն ունի 331 աշխատակից, որից 70-ը՝ վարչական անձնակազմում, 261-ը՝ մարզային ծառայություններում, արգելոցներում և արգելոց-թանգարաններում։

Ինչևէ, ներկայացնենք, թե ինչպես են Արմեն Հովհաննիսյանի ու Դավիթ Դանիելյանի ազգականներն ու ծանոթները աշխատանքի անցել ՊՈԱԿ-ում։

Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվում պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։