Այսուհետ շարունակելու եմ քաղաքական և հասարակական գործունեությունս անկուսակցական կարգավիճակում. Արտավազդ Ալեքսանյան

Արտավազդ Ալեքսանյանն իր ՖԲ էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար այս ծանր պահին ուզում եմ հանդես գալ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության քաղաքական խորհրդից դուրս գալու և երիտասարդների միության փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։

<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության շարքերում ստեղծման իսկ օրվանից անցել եմ շուրջ 16 տարիների երկար ու քարքարոտ ճանապարհ, որի ընթացքում հասցրել եմ զբաղեցնել կուսակցական պաշտոններ, պատվով ներկայացնել կուսակցությունը միջազգային բարձր հարթակներում, կազմակերպել և անցկացնել նախընտրական քարոզարշավներ, ընտրական գործընթացներ, իրականացրել բազմամարդ, խոշոր միջոցառումներ, աշխատել մեծաթիվ կուսակցականների և համակիրների հետ և այլն…

Հասկանալով վերջին տարիների քաղաքական անկայուն վիճակն ու ամեն օր փոփոխվող իրադարձությունները` անդավաճան եմ մնացել քաղաքական թիմին և անկախ ցնցումներից` գործադրել եմ առավելագույն ջանքեր` կառույցը գործուն պահելու և բնականոն աշխատանք կազմակերպելու համար։ Եվ չնայած այն հանգամանքին, որ իմ ջանքերը հաճախ ապարդյուն էին, երբեք կուսակցության ներսում չեմ ունեցել  բախումներ կամ լարվածություն, ավելին, հասցրել եմ ձեռք բերել լավ ընկերներ և գործընկերներ։

Այսօր, երբ օր օրի աճում են ՀՀ-ի պետականության և հայ ժողովրդի լինելիության հանդեպ սպառնալիքները,  անհրաժեշտություն եմ համարում քաղաքական գործունեությունը փոխարինել հայապահպան գործունեությամբ, իսկ կուսակցական գաղափարախոսությունը` ազգային գաղափարախոսությամբ։

Լիահույս եմ, որ միայն ուժերի առավելագույն կենտրոնացմամբ և պետական շահը ամեն ինչից վեր դասելով` մենք կարող ենք ոտքի կանգնեցնել մեր հայրենիքն ու հաղթահարել այս ծանրագույն փորձությունները։

Այսուհետ շարունակելու եմ քաղաքական և հասարակական գործունեությունս անկուսակցական կարգավիճակում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  իմ ողջ  քաղաքական թիմին` Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, անցած ճանապարհի համար։

Որոշումն ընդունել եմ մեծ ափսոսանքով , բայց այն անխուսափելի էր։

Իմ հետագա գործունեության մասին հանդես կգամ հայտարարությամբ։»