Միրզոյան-Բայրամով հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ

Yerevan.Today-ը գրում է.

«Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։»