Մեզ պետք է առաջնորդ և օրակարգ. երկուսն էլ բացակայում են. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հյուրընկալվել է 168.am-ի Ռեվյու հաղորդաշարի տաղավարում:

Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստով ԱԺ բոլոր խմբակցությունների կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից։

Հայտարարությամբ Արցախը նաև դիմեց Ռուսաստանին՝ խնդրելով Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակել:

«Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»,- նշված է ընդունված հայտարարության մեջ, որն Արցախի ԱԺ պատգամավորը կարդաց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի 40 հազարանոց ցույցի ժամանակ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը երեկ Արցախում ընդունված հայտարարությունից դժգոհող հայաստանյան արևմտամետ շրջանակներին կոչ արեց ինքնախաբեությամբ չզբաղվել ու առերեսվել իրականությանը՝ տեսնելով՝ գետնի վրա Արցախում կանգնած է ռուսական և ոչ թե՝ ամերիկյան զորքը։