ՌԴ նախագահի այցով կփակվի այն խոսակցությունների էջը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ. Վահան Բաբայան

Աղբյուր՝ Iravunk.com

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` խաղաղության պայմանագրի առաջարկվող ռուսական տարբերակը, եթե պարունակում է արցախահայության անվտանգության երաշխիքներ, ով էլ այն ընդունի կամ չընդունի, նորմալ, ադեկվատ ժողովրդի մասը պետք է ընդունի:

— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռուսական տարբերակի մոտեցումների առումով Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե կոնսենսուսային վիճակ է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հիմա եթե իշխանությունը սա ընդունել է, մենք` որպես ընդդիմություն, ասենք` սխա՞լ եք արել: Կա տարբերակ` Արցախի հարցի էջը բաց թողնել եւ անդրադառնալ հետագայում, որն առաջարկում է Ռուսաստանը` տալով արցախահայությանն անվտանգության երաշխիքներ` ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը: ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի զորքերը չեն գալու կանգնեն Արցախում, իսկ ռուսական ստորաբաժանումներն Արցախում են: Այս փաստը պետք է ընդունել: Եթե այսպիսի տարբերակ առաջարկեր Արեւմուտքը, այն ժամանակ կասեինք` ի՞նչ անենք, որ Արեւմուտքն է առաջարկում, պետք է ընդունել, բայց չի առաջակում: Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության մեջ Արցախի վերաբերյալ ամեն ինչ ասված է: Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընտրվում է արեւմտյան տարբերակը որեւէ շահեկան բան չի լինելու արցախահայության համար եւ խնդիր է դառնալու: Սա ընդդիմություն-իշխանություն հարց չէ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական հարց է: Հետեւապես, ով ընդունում է, որ ռուսական կոնտիգենտի ներկայությունն Արցախում, ճիշտ քայլ է անում` անկախ նրանից` կլինի Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ, ինձ չի հետաքրքրում: Ինձ համար կարեւոր է, որ մեր երկրի անվտանգությունն իրականում պաշտպանված լինի: Անիմաստ հեքիաթների հետեւից մենք իրավունք չունենք գնալու, նժարին մարդկանց կյանքի խնդիրն է դրված:

— Այսօր Երեւան է ժամանում ՌԴ նախագահը, իսկ վաղը կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

— Նախ չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինը դատարկաձեռն է գալու Հայաստան: Նա ինչ-որ մի նորություն իր հետ բերելու է: Բացի այդ, ՌԴ նախագահի այցով կփակվի այն խոսակցությունների էջը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ, կամ ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից: Կհստակեցվի նաեւ, որ  Հայաստանի միակ եւ կարեւորագույն ռազմական դաշնակիցը ՌԴ-ն է, եւ ՀԱՊԿ-ն էլ իր հերթին պարտավոր է իրականացնել որոշակի զսպող գործառույթներ, ինչի վերաբերյալ կային որոշակի բամասանքներ, դժգոհություններ: Կարծում եմ` այդ հարցերի պատասխաններն իր հետ բերելու է ՌԴ նախագահը:

— Ի դեպ, ծռերի ԱԺԲ եւ այլ արեւմտամետներ բողոքի ակցիաներ են պլանավորում` ընդդեմ ՀԱՊԿ եւ Ռուսաստանի: Ավելին` նույն ԱԺԲ Ռուսաստանին թշնամի է որակում, եւ դրա վրա աչք է փակում հայաստանյան իշխանությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Իշխանությունը վաղուց չի արձագանքում, երբ բացահայտ Երեւանի փողոցներում այլ պետությանը թշնամի են համարում եւ նման հայտարարություններ անում: Մանավանդ, երբ այլ պետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ բարեկամ ժողովուրդը, սա անթույլատրելի է բոլոր առումներով: Բայց իշխանությունը որդեգրել է ոչինչ չտեսնելու եւ չլսելու մեխանիզմ: Չնայած մի պահ եղավ, երբ այդպիսի ակցիաներից մեկի ժամանակ ինչ-որ ակտիվիստների բերման ենթարկեցին: Սակայն կարծում եմ` որոշակի լրջություն այն չէր պարունակում իր մեջ: Իսկ իրենց ակցիան, որ վառված ջահերով գոռում էին. «թշնամի», ֆաշիզմի հոտ էր գալիս այդ ամենից: Սա լավ բանի չի բերելու մեր երկրին եւ մեր ժողովրդին: Ուստի` սթափության կոչ եմ անում մարդկանց: Թող մի քիչ մտածեն Հայաստանի ապագայի մասին, քան թե հավատան արեւմտյան գեղեցիկ փաթեթավորված հեքիաթներին: Թե ինչ ենք ցանկանում ունենալ, ինչ ենք երազում, այլ է, բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ, որն ունի իր կանոններն ու անկյունները, որը պետք է լավ պատկերացնենք, այլ ոչ թե գոռանք` «ազատ-անկախ», «հեռացիր-մոռացիր»: