«Մոսկվա թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը». համաժողով Մետրոպոլում

Այսօր, դեկտեմբերի 3-ին,  Մետրոպոլ հյուրանոցում տեղի է ունեցել Ռեֆորմիստների կուսակցության կողմից կազմակերպված «Մոսկվա թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագիրը կրող համաժողովը:

Բացման խոսքում կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց.

«Հարգելի համաժողովի մասնակիցներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այս ոչ աշխատանքային օրով արձագանքելու մեր կուսակցության հրավերին և այստեղ գտնվելու համար:

Այսօր կարևոր օրակարգային հարցերից է սպասվող այսպես կոչված խաղաղության համաձայնագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ըստ շրջանառվող տեղեկությունների սեղանին դրված է երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան: Ռուսական առաջարկների մասին, ի դեպ, վերջերս իր համաձայնությունն էր տվել Հայաստանի իշխանությունը, սակայն ինչպես տեսանք երկու օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունում դա այդքան էլ այդպես չէ: Հայաստանը Պրահայի հանդիպումից հետո առաջ է քաշում Ալմա Աթայի 1991թ հռչակագիրը, որտեղ Լեռնային Ղարաբաղ չկա և հետևաբար հարց է առաջանում նախ այլևս ո՞նց ենք մենք կողմ ռուսական տարբերակին, եթե ընդունում ենք որպես հիմք մի հին փաստաթուղթ, որտեղ չկա Ղարաբաղը, կամ եթե կողմ ենք ռուսական տարբերակին, ապա ինչո՞վ ենք մենք զբաղված Վաշինգտոն գնալով և այնտեղ, ըստ հայտարարությունների, առաջարկներ փոխանցելուց:

Ստացվում է, որ Սերգեյ Լավրովը հստակ ասում է ՀՀ իշխանություններին՝ կողմնորոշվե՛ք, հիմա դուք ի՞նչ եք ուզում:

Ցավոք, անհասկանալի է, թե Հայաստանը ինչ է ուզում: Եվ այստեղ պետք է անկեղծ լինել: Ես կարծում եմ, որ անկախ փաստաթղթի անվանումից, պարտադիր է, որ այդ փաստաթղթի էությունը արտացոլի արցախահայության անվտանգության երաշխիքները և ինքնորոշման սկզբունքները:

Կարևոր է հասկանալ, որ Արևմուտքի խնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է՝ Թուրքիայի ազդեցությն մեծացման հաշվին: Պետք չէ մոռանալ նաև, որ եվրոպական դիտորդների առկայությունը լուրջ անհանգստություն է առաջացնում հարևան Իրանում, Հայաստանը այս ծանր աշխարհաքաղաքական խաղերի մեջ չի կարղ դառնալ մանրադրամ, մեր խնդիրն է այս քննարկման միջոցով հասկանալ և մեր գիտակից հասարակությանը ներկայացնել, թե որն է ի վերջո լինելու Հայաստանի ընտրությունը:»

Բանախոսներից Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում շեշտեց, որ եվրոպական գործընկերները պատրաստ են ընդունել բանաձևեր, որոնք կհաստատեն Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծված լինելը, սակայն իօրենք տարակուսում են, քանի որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը խուսափում է ուղիղ հայտարարել, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ:

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում մասնավորապես ներկայացրեց, թե քանի անգամ է անկախությունից ի վեր Ռուսասռանի Դաշնությունը կանխել Թուրքիայի կողմից պատրաստվող  ուղիղ ագրեսիան Հայաստանի դեմ, իրեն դրսևորելով իրական ռազմավարական դաշնակցի պես:

 

«ՍԻՄ» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն իր ելույթում նույնպես ընդգծեց Ռուսաստանի մեծ դերը Հայաստանի անվտանգությունը ապահովելու գործում և կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության համար, թերևս, ամենաճիշտ ուղին կլինի ՌԴ-Բելարուս  միութենական պետության միանալը: Բաբուխանյանի կարծիքով, դա կերախավորի թե Հայաստանի սուվերենության պահպանումը և թե հայ ժողովրդի անվտանգությունը:

 

Բացի հիմնական բանախոսներից կարճ ելույթ ունեցան նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Դերզյանը, Ռեֆորմիստների կուսակցության նախագահի տեղակալ Նատալյա Սաղիյանը և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

 

Վերջինը, մասնավորապես նշեց, որ այսօր Հայաստանի համար հարցը դրված է ոչ թե ում հետ լինել՝ Ռուսաստանի, թե Արևմուտքի, այլև լինել, թե չլինել: Նա խոսեց հնարավոր ռազմական նոր ագրեսիայի մասին:

 

Նատալյա Սաղիյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանում և Ռուսաստանում Արևմուտքից ֆինանսավորվող խմբերը կոորդինացվում եմ մեկ կենտրոնից ևհամագործակցում են Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու համար: Այսպես, օրինակ, ՀԱՊԿ գագաթնաժողովի կապակցությամբ ՌԴ նախագահ Պուտինի այցելությունից ռաջ և հետո Հայաստանում արևմտամետ ուժերը ակցիաներ իրականացրեցին մասնավորապես 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու կարգախոսով, իսկ դրանից ժամեր անց ՌԴ-ում գործող 5-րդ շարասյունը, որը ֆինանսավորվում է նույն արևմտյան աղբյուրներից սկսեց հոխորտալ, թե հայերն անշնորհակալ են և Ռուսաստանը պետք է 102-րդ ռազմաբազան դուրս բերի Հայաստանից: Բոլորի համար հասկանալի է, որ հենց դա է Արևմուտքի նպատակը:

Համաժողովի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերխիչներին և նշեցին, որ նման միջոցառումները շատ կարևոր են ՀՀ հանրային դիսկուրի առողջացման և պետականամետ հունի մեջ վերադարձնելու համար: