«Էրեբունին» և Էրմիտաժը համագործակցության պայմանագիր կստորագրեն. ի՞նչ է դա ենթադրում

Թանգարանների ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և «Էրմիտաժ» արվեստի, մշակութային և պատմական թանգարանը նախատեսում են մեծացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: Առաջիկայում համապատասխան պայմանագիր կստորագրվի, Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Թանգարանների ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարին` Բադալյանի Էրմիտաժ կատարած այցի ժամանակ։ Միաժամանակ նախանշվել են փոխշահավետ համագործակցության ոլորտներ։
Բադալյանը կարևորեց Էրմիտաժի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծեց թանգարանի հետ առանձնահատուկ կապերը։ Նա հիշեցրեց, որ ժամանակին Էրմիտաժի տնօրենն էր Հովսեփ Օրբելին, հետո Բորիս Պիոտրովսկին, որը երկար տարիներ աշխատել է Հայաստանում, իսկ այժմ թանգարանի տնօրենը Բորիսի որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին է, որը ևս ջերմորեն կապված է Հայաստանի հետ։ Միխայիլի մայրը` Հռիփսիմե Ջանփոլադյանը, հայազգի գիտնական, հայագետ և արևելագետ-հնագետ էր։
«Մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները պետք է ավելի գործնական հիմքերի վրա զարգացնենք։ Այժմ մենք շատ մոտ ենք ստորագրելու նոր պայմանագիր երկու թանգարանների միջև, և ներկայում աշխատում ենք պայմանագրի աշխատանքային տարբերակի վրա»,- ասաց Բադալյանը։

Ի՞նչ է նախատեսվում

Ինչպես պարզաբանեց Բադալյանը, վերոնշյալ պայմանագրով նախատեսվում է ավելի սերտացնել, զարգացնել հարաբերությունները ռուս գործընկերների հետ։ «Էրեբունի» թանգարանում նախատեսվում է ստեղծել Էրմիտաժի անկյուն, որտեղ տարբեր իրեր են ցուցադրվելու։
«Սա շատ մեծ հաջողություն է, քանի որ մեր այցելուների զգալի մասը ռուս զբոսաշրջիկներ են։ Դա կբարձրացնի թանգարանի կարգավիճակը և մյուս կողմից կնպաստի ռուս զբոսաշրջիկների հոսքին», — ասաց Բադալյանը։
Ամբողջական նյութին կարող եք ծանողանալ այստեղ: