Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ Ավագանու անդամները, սակայն, ներկա չեն նիստին։

Քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, դիմելով դատարակ դահլիճին, ասաց. «Հարգելի ներկաներ, քվորում չունենք, հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»։

30 րոպե անց նա կրկին հայտնեց. «Երևանի ավագանու արտահերթ նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու համար, դարձյալ քվորում չի ապահովել։ Հիմք ընդունելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետը՝ նիստը համարվում է  չկայացած»։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին  ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտնել էր՝ իրենց խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել:

«Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հայտարարել էր նա։