Բաց սրտով «փակ» Մեղրին. Հայաստանի ամենաչգնահատված քաղաքի հայտնի ու անհայտ կողմերը

Sputnik Արմենիա-ն գրում է.
Հայաստանի ամենահարավային անկյունի կոլորիտը կտրուկ տարբերվում է երկրի մնացած մասից. լեռներն այստեղ արտասովոր են, բնապատկերները` ֆանտաստիկ, մրգերը` առանձնակի համեղ։ Միայն դարերով ձևավորված հայկական հյուրընկալությունն է հուշում, որ դու տանն ես։
Մեղրին գտնվում է Արաքսի համանուն վտակի ձախ ափին։ Մայրաքաղաքից բավականին հեռու լինելը (ավելի քան 370 կմ), խորհրդային տարիներին սահմանային գոտու կարգավիճակը, ինչի պատճառով այստեղ հայտնվելը շատ դժվար էր, ինչպես նաև Իրանի հետ սահման ունենալը կանխորոշեցին քաղաքի մեկուսացված զարգացումը։ Մի կողմից այս գործոնները Մեղրիի առանձնահատուկ գրավչությունն են, մյուս կողմից` հենց այս պատճառով է, որ քաղաքն արդեն երկար տարիներ անտեսված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկրի ղեկավարության կողմից։ Միևնույն ժամանակ, Մեղրիի պատմությունն ու մշակույթը շատ հարստ են, քաղաքն էլ կարող էր մրցել այնպիսի պահանջված զբոսաշրջային ուղղությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, Գյումրին կամ Գորիսը։

Ինչու շատ զբոսաշրջիկներ չեն գալիս Մեղրի

Երկրի ամենահարավային անկյունը ճանապարհորդներին առաջարկելու շատ բան ունի` և՛ Լիճքի գեղեցիկ ջրվեժները, և՛ հնագույն եկեղեցիները` բացառիկ որմնանկարներով, և՛ միջնադարյան քարե կամուրջները Մեղրիի գետի վրա, և՛ նռան այգիները… Կարճ ասած` չես ձանձրանա։ Թեև զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին զգալի աճել է, սակայն քաղաքի ներուժը չիրացված է մնում։
«Զբոսաշրջության զարգացմանը, առաջին հերթին, խոչընդոտում է ենթակառուցվածքների բացակայությունը` սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ։ Ճանապարհորդների առանձնակի սերն են վայելում էթնո ոճի հյուրատները։ Մեղրիում նման հնաոճ տները քիչ չեն, սակայն դրանք վերակառուցման և բարեկարգման կարիք ունեն», – ասում է Սոչիից էքսկուրսավար Յուլիանա Դավիդյուկը, որն արդեն մի քանի տարի է` ռուսաստանցիներին (Պիտերից և Մոսկվայից) Հայաստանի հարավով «նռան տուրերի» է տանում։