Էժան բնակարաններ՝ իշխանության ներկայացուցիչներին, հարկային արտոնություններ՝ կառավարությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԵՐՄՈւԿ ԳՐՈւՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ՋԵՐՄՈւԿ ԳՐՈւՊ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի (պոլիէթիլենային հումքից) արտադրության համար, իսկ թամբային քարշակները և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ Վրաստան և այլ երկրներ։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 102․6 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շուկայականից ավելի ցածր գնով բնակարաններ են ձեռք բերել Բյուրեղ թաղամասում, որը պատկանում է «ՋԵՐՄՈւԿ ԳՐՈւՊ»-ին: