Ինչպես զրոյից ստեղծել եկամտաբեր ֆերմա. Արցախից տեղահանված Հունանի հաջողության ուղին

Բռնի տեղահանված արցախցիները շարունակում են աշխատել ու արարել նաև Հայաստանում, բայց Արցախ վերադառնալու հույսը չեն կորցնում։
42–ամյա Հունան Մնացականյանը ծնվել է Սյունիքի Հարթաշեն բնակավայրում, բայց կյանքի հիմնական մասն ապրել է Արցախում` Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում։ Իրեն համարում է Արցախի հողուջրի անբաժան մասը։
2007 թվականին` զինվորական ծառայությունից անմիջապես հետո, նա տեղափոխվել է Արցախ` մշտական բնակության, ամուսնացել, ստեղծել մեծ գյուղատնտեսություն, զբաղվել անասնապահությամբ, աշխատել որպես անտառապահ։
2016 թվականի քառօրյա պատերազմին մասնակցելը նրան ավելի շատ է կապել Արցախի հողին։
«Քաշաթաղի Սարատակ գյուղի հողը շատ բերրի էր, որոշեցի մեծ քանակությամբ անասուն պահել, նռան, արքայանարինջի այգիներ հիմնեցի, երկհարկանի տուն կառուցեցի։ Այդ ամենը թողեցի, դուրս եկա 44–օրյա պատերազմից հետո` հոկտեմբերի 16–ին, ու նորից տեղափոխվեցի իմ ծննդավայր Հարթաշեն»,– պատմում է Հունանը։
44–օրյա պատերազմից հետո Հարթաշենը ևս դարձել է սահմանամերձ բնակավայր. թշնամու հետ սահմանը 4–5 կմ հեռավորության վրա է։
Հունանն իր 4 անդամից բաղկացած ընտանիքի հետ ամեն ինչ զրոյից է սկսել Հարթաշենում։
Ասում է` որպես տեղահանված ինչ ֆինանսավորում ստացել է պետությունից, ամբողջ փողով խոշոր եղջերավոր կենդանիներ է գնել։
Ընթացքում, եթե ֆինանսական աջակցություն է եղել նաև միջազգային կառույցներից, ապա միանգամից կա՛մ անասնակեր է գնել, կա՛մ խոշոր եղջերավոր կենդանի։
Բայց այդքանով չի սահմանափակվել. բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել է բազմաթիվ դասընթացների, և արդյունքը շատ չի սպասեցրել։
Դիմել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն, ստացել 3.5 մլն դրամ ու այդ գումարով անմիջապես գնել 4 կթու կով, յուրաքանչյուրը` 525 հազար դրամով։ Այնուհետև Գավառից գնել է 4 տոհմային ցլիկ, յուրաքանչյուրը` 350 հազար դրամով։
Իր աշխատասիրության և համառ ջանքերի շնորհիվ Հունանն այժմ ունի 21 խոշոր եղջերավոր կենդանի, որից տասը` կթու կով։
Իրեն համարում է ինքնաբավ ֆերմեր, որը կարողանում իր ստացած կաթը հանձնել հենց Հարթաշենում գործող կաթնամթերքի գործարան, մսամթերքն էլ` վաճառել։
«Շուկան ուսումնասիրել եմ, հասկացել եմ, որ իմ արտադրածի պահանջարկը շա՜տ–շա՜տ է։ Նույնիսկ արտահանման կարիք չունեմ, քանի որ ներքին շուկայում արդեն իսկ պահանջարկը շատ մեծ է»,– հպարտությամբ ասում է Հունանը։
Միակ դժգոհությունն այն է, որ անցած տարի կաթը գործարանին հանձնում էր 190 դրամով, այս տարի գինն ընկել է ու հազիվ 132 դրամով է մեկ լիտրը հանձնում։
Ամբողջ աշխատանքն անում են ընտանիքով, օգնում է նաև Հունանի եղբայրը, որը, սակայն, աշխարհազորային է ու շատ հաճախ դիրքերում է լինում։
Հունան Մնացականյանը համոզված է, որ իր աշխատանքով կարողանալու է օգտակար լինել Հայաստանին, բայց միևնույնն է` Արցախ վերադառնալու հույսը չի կորցնում։