Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի տեղակալ Օ’Բրայենի հետ

«Ամերիկայի ձայն». Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ժամանակացույցը, նոյեմբերի 20-ին պետքարտուղարությունում նախատեսված էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հանդիպումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ: Նույն աղբյուրի համաձայն՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է պետքարտուղարի տեղակալ Օ’Բրայենի հանդիպումը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ: Հանդիպումները փակ են մամուլի ներկայացուցիչների համար, ուստի որևէ այլ մանրամասներ դրանց վերաբերյալ հայտնի չեն: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օրերս արձագանքել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հայտարարություններին՝ դրանք որակելով կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի: Բաքուն հայտարարել էր, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելուց: