Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիային մասնակցած Տիգրան Աբրահամյանին և Արա Սաղաթելյանին

Երեւանի տարբեր մասերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փողոցներ են փակել։ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկը փակած ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկում, հայտնում է News.am— ը:

Նրանց թվում էր նաեւ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը եւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

«Յուրաքանչյուր գիտակից քաղաքացի պետք է բարձրացնի իր բողոքի ձայնը էս դավաճանական գործողությունների հետ կապված։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է այսօր դուրս գա փողոց եւ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի: Դեռ գալու են նոր դժվարություններ, դրանց թվում Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացրած հայցերը բերելու են նրան, որ այս  ժողովուրդն ապրելու է թշվառ ու աղքատ: Պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ստեղծվի ժամանկավոր կառավարություն եւ ստեղծվի իրավիճակ, երբ մասնագետները կարողանան շտկել ինչժ-որ հնարավոր է շտկել», – հայտարարեց Սաղաթելյանը:

Այդ պահին մեկը նրան ասաց. «Գնայիր սահմանը պահեիր», ինչին Սաղաթելյանն արձագանքեց. «Տականքի ծնունդ, ես պահել եմ սահմանը»:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Արա Սաղաթելյանը գտնվում էր Արցախի Հանրապետությունում: