Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրն ուժը կորցրած է ճանաչվել դեռեւս հոկտեմբերի 19-ին

Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը ուժը կորցրել է դեռևս հոկտեմբերի 19-ին, երբ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի պետական ինստիտուտների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այս ինստիտուտները հունվարի 1-ից հետո շարունակելու են գործունեությունը։

Դիտարկմանը, թե արդյոք հետագայում շահարկումների, նաև իրավական խնդիր չի առաջանա, քանի որ վկայակոչված հոկտեմբերի 19-ի հրամանագրով ուղիղ տեքստով չի չեղարկվել նախորդ՝ Արցախի Հանրապետությունը լուծարող հրամանագիրը՝ նա պատասխանեց, որ դրանից հետո՝ տաբեր իրավական ակտերի ընդունում և տարբեր գործընթացներ են տեղի ունեցել։ « Նախ՝ ի սկզբանե այդ հրամանագիրը եղել է ոչ իրավաչափ, այն որևէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, քանի որ չէր կարող այդ տրամաբանությամբն չեղարկել Արցախի Հանրապետությունը։ Բայց միաժամանակ, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ սեպտեմբերի 28-ի հրամանագրում նշվում էր, որ Արցախի ինստիտուտները լուծարվում են, մինչդեռ արդեն հոկտեմբերի 19-ի հրամանագրով հայտարարվում էր, որ այդ ինստիտուները շարունակում են գործել հասարակական հիմունքներով և շարունակում են կատարել իրենց լիազորություները։ Ինչ վերաբերում է «լուծարում» տերմինին, այնտեղ նման բան չկա, դա պարզապես բխել է հրամանագրի տրամաբանությունից։ Ավելին, պետությունը լուծարելու հրամանագիր ինքնին չի կարող լինել։ Հետևաբար, հունվարի 1-ից հետո Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են գործել»։

Դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Արցախի ինստիտուտների գոյությունը ՀՀ-ում՝ երկրի անվտանգության համար սպառնալիք են՝ նա պատասխանեց, որ այն, ինչ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը՝ հստակ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ներպետական իրավական ակտերով և նորմերով, իսկ Արցախի Հանրապետության գործունեությունը կամ հետագա մնալը այստեղ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրութամբ և ներպետական իրավական նորմերով սպառնալիք չեն կարող լինել։

«Այստեղ կարող է խոսք գնալ Բաքվի քաղաքական իշխանության հայտարարությունների մեկնաբանությունների մասին, սակայն մենք տեսնում ենք հրապարակումներով, որ Բաքվի իշխանությունների համար սպառնալիք է նաև այն, որ Հայաստանի Հանարպետութունն այսօր զինվում է։ Այսինքն, եթե զենք է գնում՝ դա սպառնալի՞ք է։
Ավելին, կարծում եմ նախորդ 32 տարիները բավարար էր, որպեսզի նման հարց մեկնաբանելու կարիք չլինի։ Չի կարող Արցախի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, պետական ինստիտուտների գոյությունը հիմք հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը որևէ գործողություն անի Հայաստանի Հանարպետության նկատմամբ։ Ի վերջո, մենք տեսել ենք նաև Ջերմուկի դեպքերը, երբ Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացում և ներխուժում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն։ Այդ ժամանակ Արցախի կառավարությունը չէր գտնվում Հայաստանի Հանրապետությունում»։

Աղբյուր` Փաստինֆո