Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն արած 184 անձ ազատվել է պատասխանատվությունից

Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով հարցին, թե գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած քանի՞ անձ է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ համապատասխան օրենքի ընդունումից ի վեր։

«Հայտնում ենք, որ ծանր և/կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով ազատվել է 184- անձ, որից 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ բաժնում (Սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները) և 14-րդ բաժնում (Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները), 1-ը՝ 14-րդ բաժնում, 182-ը՝ 15-րդ բաժնում (Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները) ընդգրկված հանցանքների կատարման համար: Քրեական վարույթներով այլ տեղեկություններ տրամադրվել չեն կարող, քանի որ դրանք պարունակում են քրեական վարույթների հրապարակման ոչ ենթակա տվյալներ»,- նշեցին գլխավոր դատախազությունից։

Հայաստանում գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի է դարձել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 4-ից։

Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելու ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել էր, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը, որով նախատեսված են գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը, սահմանում է, որ, եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության արարք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: